«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի շուրջ վերջերս շատ են տարատեսակ շշուկները․ սկզբում լուրեր տարածվեցին, թե երևանյան ակումբը լուծարման շեմին է, ինչն ավելի ուշ հերքվեց ակումբի կողմից, այսօր արդեն, ըստ ArmSport-ին հասած տեղեկությունների, փոխվել է ակումբի սեփականատերն ու Հայաստանի 14-ակի չեմպիոնը վաճառվել է հոլանդացի մի գործարարի։ Այս և այլ լուրերի իսկությունը ճշտելու համար ArmSport-ը զրուցել է ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հետ ու ստացել մի շարք հարցերի պատասխաններ․
-Պարոն Սողոմոնյան, տեղեկություններ ունենք, որ ակումբում նոր բաժնետերեր են հայտնվել, այսինքն առաջին թիմը փոխանցել եք նոր բաժնետիրոջը, իսկ մանկապատանեկան ակադեմիան շարունակում եք պահել։ Արդյոք այս տեղեկությունները համապատասխանո՞ւմ են իրականությանը։
-Իսկապես ապրիլ ամսվա սկզբին եղավ մեկը, ով ցանկություն հայտնեց օգնելու։ Ասաց, որ պատրաստ է օգնել, ֆինանսավորել, սկզբում խոսքը միայն առաջին թիմի մասին էր, հետո նաև պլաններ քննարկվեցին ակադեմիայի հետ կապված, բայց արդյունքում ոչ մի ֆինանսավորում, ցավոք սրտի, չհաջողվեց ստանալ։ Ես չգիտեմ միգուցե միջոցներ չկային կամ պանդեմիայի պատճառով դրանք սուղ դարձան։ Այնպես որ ակումբում ոչինչ չի փոխվել։
Ամեն դեպքում մեր ֆեդերացիան և ՈՒԵՖԱ-ն օգնեցին։ Լավ է, որ նախորդ տարվա գումարների վճարման ժամկետներն առաջ տրվեցին։ Այդ գումարներն այս շրջանում իսկապես անհրաժեշտ աջակցություն էր ակումբին, որ կարողանա ավարտին հասցնել այս մրցաշրջանը։ Այս պահի դրությամբ ոչ մի փոփոխություն չկա, շարունակելու ենք առաջ շարժվել։
-Կարո՞ղ ենք ենթադրել, որ եթե լիներ ֆինանսավորում, ապա ակումբի բաժնետոմսերը կփոխանցվեին, գործարքը չկայացավ դրա պատճառով։
-Ի սկզբանե խոսքը եղել է օգնելու մասին և որոշակի գործընկերության, որից հետո եթե ամեն ինչ լավ ընթանար, կպայմանավորվեինք գործընկերության սահմանների մասին։ Բայց անկեղծ ասեմ, ես այդ ընկերոջ հետ էլ եմ խոսել, որ գործընկերությունը ակումբում, որտեղ չկա բիզնես, որտեղ հնարավոր չէ կիսել եկամուտները և կան միայն ծախսեր, շատ դժվար բան է, հասկանում եք։ Մեկին թվում է, որ պետք է այդպես անել, մյուսին՝ ոչ այդքան։ Այդուհանդերձ ծախսեր պետք է անեն երկուսով։ Սա հեշտ իրավիճակ չէ, պետք է շատ լավ միմյանց ճանաչել։
Իսկապես եղել է գործընկերության առաջարկ, բայց ես ասել եմ, որ եկեք սպասենք, երբ ես վերադառանամ Հայաստան, մենք կշփվենք, ու եթե հասկանանք, որ մեր շահերն իսկապես համընկնում են, ապա, այո՛, կարող ենք խոսել որոշակի գործընկերության մասին։ Առավել ևս, ես անկեղծ ասեմ՝ իմ վերաբերմունքը և՛ «Փյունիկին», և՛ հայկական ֆուտբոլին, թերևս, ոչ ստանդարտ է։ Ես չեմ թաքցնում, որ ես ակումբում հայտնվել եմ հենց ակադեմիայի, հենց մանկապատանեկան ֆուտբոլի համար։ Ինձ համար առաջնային է՝ տալ հնարավորություն մեր պատանիներին մեծանալ լավ ֆուտբոլիստներ՝ մասնավորապես ճիշտ դնել, կազմակերպել պատրաստման գործընթացը։
Երկրորդ տեղում ինձ համար կարևոր է, որ այդ երեխաներից դուրս գան ոչ միայն ֆուտբոլիստներ, որոնք կարողանում են լավ ֆուտբոլ խաղալ, այլև ձևավորված անհատականություններ։ Ես կարծում եմ, որ սպորտը շատ բան կարող է տալ, եթե դա արվի պրոֆեսիոնալ մակարդակով։ Եվ երրորդ տեղում նոր ինձ համար կարևոր են թիմի արդյունքները։ Այստեղ իհարկե հասկանալի է, որ կարևոր են բոլորը, պետք է մեկը մյուսին աջակցեն ու փոխկապակցված լինեն։ Հասկանում եք՝ այս դիրքորոշմամբ հեշտ չէ գտնել համախոհների։
-Ներդրումների ներգրավման անհրաժեշտությունն առաջ եկավ պանդեմիայի՞ ֆոնին, թե՞ այդ թեման արդեն մինչ այդ էր ակտուալ։
— Գիտեք, անկեղծ կասեմ, որ պանդեմիան շատ մեծ հարված է հասցրել իմ բիզնեսին, և հետևաբար հիմա ամեն ինչ շատ ավելի դժվար է լինելու։ Բայց առաջնահերթության կարգով ես պահպանելու եմ ակադեմիան և մեր սաներին, հետևաբար այստեղ մենք մեծ փոփոխություններ չենք պլանավորում։ Ինչ վերաբերում է պրոֆեսիոնալ թիմերին, ապա ոչ միայն մեր, այլև մնացած թիմերն էլ ստիպված կլինեն հրաժարվել ավելի թանկ լեգիոներներից, հրավիրել տեղացի սաներին։ Ես առհասարակ ուզում եմ մեր ակումբի սկզբունքերից մեկը դարձնել, որ յուրաքանչյուր խաղին դաշտում կեսից ոչ պակաս լինեն տեղացի ֆուտբոլիստները, դա սկզբում, իսկ հետագայում՝ մինչև 80 տոկոսը հենց սեփական սաները լինեն։
-Այսիքն այդ սկզբունքը որդերգրվում է, քանի որ ֆինանսապե՞ս է շահավետ, թե՞ ակումբի գաղափարախոսությունն է փոխվում։
-Այսօրվա դրությամբ ստեղծված իրավիճակի հետ կապված, հասկանալի է, որ շատերը, այդ թվում և մենք, ելնում ենք ոչ թե ցանկություններից, այլ հնարավորություններից։ Եթե չկա հնարավորություն հրավիրելու թանկ լեգիոներների, իհարկե, դու պետք է արդեն փնտրես այլ տարբերակներ։ Բայց մենք ի տարբերություն այլ ակումբների, այդ առումով ունենք առավելություն՝ մեր ակադեմիան, և իհարկե մենք ֆուտբոլիստների ընտրելիս առաջնահերթությունը տալու ենք մեր սաներին։ Ես կարծում եմ, որ կարող է ակադեմիայի զարգացմանը մեծ խթան հանդիսանալ, երբ երիտասարդները տեսնեն, որ մենք իրենց վստահում ենք և վստահում ենք, որ հանդես գան Բարձրագույն խմբում, նրանք իհարկե այլ կերպ կվերաբերվեն իրենց սպորտային որակներին։
-Մինչ ակումբի նոր սեփականտերերի թեման, խոսակցություններ կային, որ ակումբը փակվում է, լեգիոներներին վերադարձնում են պայմանագրերը և հետ ուղարկում։ Կա՞ր որևէ հիմք նման խոսակցությունների համար։
-Ես այնքան էլ չեմ հասկանում, թե այդ խոսակցությունները որտեղից են առաջ եկել, քանի որ մեզ մոտ այս պահին ոչ մի դադարեցված պայմանագիր չկա՝ մրցաշրջանի վերսկսկումից հետո։ Մայիսի վերջին կան շատ պայմանագրեր, որ ավարտվում են, բայց մենք անկեղծ ասած սպասում ենք ֆեդերացայի որոշմանը՝ կլինի՞ արդյոք ձևաչափի փոփոխություն, թե՞ ոչ։ Մենք այդ պայմանագրերի ճակատագիրը կորոշենք՝ ելնելով հենց այդ որոշումից։ Բայց այս պահի դրությամբ որևէ մեկի հետ պայմանագիր չի դադարեցվել։ Այս պահին բոլորը շարունակում են մարզումները, միայն կան իրավիճակով պայմանավորված դժվարություններ։ Լեգիոներների մի մասը մեկնել է տուն և չի կարողանում վերադառնալ։ Բայց կարծում եմ, որ սա ընդհանուր խնդիր է, ոչ միայն մեր ակումբում է դա։
— Տեղեկություններ ունեինք, որ նախատեսվում է նաև գլխավոր մարզչի փոփոխություն։ Քննարկվե՞լ է նման հարց, փոփոխություններ սպասվո՞ւմ են։
-Ոչ, ոչ մի փոփոխություն չի նախատեսվում։ Բառացիորեն Ձեզ հետ զրույցից առաջ խոսում էի Ռոման Անատոլեվիչի հետ, քննարկում էինք հնարավորությունները, որ ոչ միայն մարզումներից վիդեոներ ուղարկվեն, այլ միգուցե օնլայն հենց հետևի և ցուցումներ ու շտկումներ մտցնի մարզումներում։ Հիմա փորձում ենք տեխնիկապես լուծել այդ հարցը։ Այնպես որ բոլորը պատրաստվում են առաջնության վերսկսկմանը։
Բերեզովսկին չի կարողանում վերադառնալ Հայաստան. Փյունիկի հետ մարզումներն անցկացնում է հեռավար կարգով
— Նշեցիք, որ Հայաստանում ֆուտբոլի ոլորտը շահութաբեր բիզնես չէ։ Ինչպե՞ս անել, որ այն դառնա շահութաբեր և չշարունակի գործել միայն սեփականատերերի հայրենասիրական զգացմունքների շրջանակում։
— Շատ ճիշտ հարց եք տալիս, քանի որ ցանկացած պրոցես պետք է բերի արդյունք, այդ թվում և ֆինանսական, հակառակ դեպքում այն շատ անկայուն է դառնում և դժվար թե երկար գոյատևի։ Ինչպես գիտեք, այսօր Հայաստանի առաջնությունում ակումբների մեծ մասը պատկանում են հայերին, որոնք Հայաստանից դուրս են գտնվում։ Չկա որևէ ակումբ, որ օրինակ ասենք՝ գործի պետբյուջեի ֆինանսավորման հաշվին։
-Հիմա ակտո՞ւալ է նոր ներդրողներ ներգրավելու հարցը, թե՞ օրակարգից դուրս է եկել։
— Ես Ձեզ պարզ ասեմ, որ հիմա էլ գնում են բանակցություններ։ Ես հիմա բանակցում եմ շատ լավ մի կառույցի հետ՝ EFDA (Elite Futbol Development Academy), նրանց հետ նույնիսկ ընկերական խաղեր ենք կազմակերպել: Մենք հիմա նրանց հետ բանակցություններ ենք վարում, որ նրանք լրջագույն ծրագրերով հանդես գան Հայաստանում, այդ թվում «Փյունիկում»։ Եթե նրանք որոշում կայացնեն, շատ մեծ հաջողություն կլինի ոչ միայն «Փյունիկի», այլև հայկական ֆուտբոլի համար, առհասարակ։ Որպեսզի ակումբն ավելի ուժեղացնենք, գործընկերը շատ կարևոր է, բայց այստեղ շատ լուրջ հարց է, որ գործընկերը պետք է լինի համախոհ։ Հիմնական նպատակներն ու փիլիսոփայությունը պետք է համընկնեն։