Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որը հիմա գլխավորում է Լոնդոնի «Տոտենհեմը», պատմել է, որ չափազանց ծանր է տարել Մադրիդի «Ռեալի» 2012 թվականի Չեմպիոնների լիգայի խաղարկությունից դուրս մնալը։
Այդ ժամանակ «Ռեալը» կիսաեզրափակչում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվեց «Բավարիային»․
«Ցավոց սրտի սա ֆուտբոլ է։ Կրիշտիանուն, Կական ու Սերխիո Ռամոսը (այս երեք ֆուտբոլիստները վրիպել էին հետխաղյա հարվածաշարում/խմբ․) երեք հրեշներ են առանց որևէ կասկածի, բայց նրանք նույնպես մարդ են։
Այդ գիշեր իմ մարզչական կարիերայի միակ դեպքն էր, երբ ես լաց եմ եղել։ Շատ լավ եմ հիշում։ Ես և Այտոր Կարանկան կանգնեցինք իմ տան մոտ։ Մենք նստած էինք մեքենայի մեջ ու սկսեցինք լացել։ Շատ ծանր պահ էր մեզ համար, մենք լավագույն ընկերներ էինք այդ ժամանակ»,-պորտուգալացի մասնագետի խոսքն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Մոուրինյոյի գլխավորությամբ «Ռեալը» երեք անգամ հասավ ՉԼ-ի կիսաեզրափակիչ փուլ և երեք անգամ էլ դուրս մնաց հետագա խաղարկությունից։