Թենիսի պրոֆեսիոնալների միությունն ու Կանանց թենիսային միությունը աջակցել են շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի առաջարկը, որը կայանում էր երկու կառույցները միմյանց միացնելու մեջ։
ATP-ի ղեկավար Անդրեա Գաուդենցին ասել է, որ ներկայիս ճգնաժամը հնարավորություն է տալիս ստեղծելու մեկ միասնական կառույց, որը կմեծացնի երկրպագուների ներկայությունը խաղում ու առավել մրցակցային կսարքի թենիսը մյուս մարզաձևերի համեմատ։
«Վերջին շրջանում մեր երկու կառույցների միջև առկա համագործակցությունը միայն ամրացրեց իմ վստահությունը, որ սպորտը միասնաբար ներկայացնելու դեպքում մենք կմեծացնենք մեր պոտենցիալը ու օպտիմալ կերպով այն կներկայացնենք երկրպագուներին, որոնք դիտում են խաղերը ստադիոնում, հեռուստատեսությամբ կամ էլ համացանցով։
Այդ իսկ պատճառով աջակցում եմ խաղացողների գաղափարը։ Թենիսում տղամարդկանց ու կանանց մրցաշարերի միացումը մեր ամենաուժեղ կողմերից մեկն է։ Այլ սպորտերում նման դրսևորումներ քիչ կան։ Մենք անհամբերությամբ սպասում ենք WTA-ի հետ քննարկումներին հետագա անելիքների վերաբերյալ»,-Գաուդենցիի խոսքն է մեջբերում Tennis World USA-ը։
WTA-ի ղեկավար Սթիվ Սայմոնն էլ հայտարարել է, որ ուրախ է ATP-ի հետ մշտական կապի մեջ լինելու համար։
«Վաղուց եմ ասել, որ մենք ավելի լավը կդարձնենք մեր սպորտը, եթե համատեղ աշխատենք։ Վերջին շաբաթների ընթացքում այդ փաստը հաստատվել է»,-ասել է Սայմոնը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ թենիսային երկու գլխավոր կառույցների միացման վերաբերյալ առաջարկով էր հանդես եկել Ռոջեր Ֆեդերերը։