Բելառուսական «Նեմանի» հայ հարձակվող Գեղամ Կադիմյանն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում պատմել է Հայաստանի հավաքականից առաջին անգամ հրավեր ստանալուց հետո ունեցած զգացողությունների, հավաքականի հետ կապված ամենավառ հիշողության և այն մասին, թե որքան է ցանկանում վերադառնալ Ազգային ընտրանի․
-Հիշո՞ւմ ես՝ ինչպես իմացար Հայաստանի հավաքականից հրավեր ստանալու մասին։
-Հայաստանից ֆաքս ստացանք ակումում, ադմինիստրացիան կանչեց ինձ ու ասաց, որ հրավիրել եմ իմ երկրի հավաքական։ Դժվարանում եմ նկարագրել այն, ինչ այդ պահին զգացի։ Գլխումս միայն մի միտք էր՝ «Մի՞թե սա իրական է։ Չկա ոչ մի անհնարին բան։ Գեղամ, քո երազանքները կատարվում են»։
Իհարկե, ես առաջին հերթին այդ մասին պատմեցի իմ պապիկին, մայրիկիս ու հայրիկիս, շնորհակալություն հայտնեցի նրանց համբերատարության և օգնության համար։
-Եթե հիշում ես, հավաքականում քո առաջին խաղը Բելառուսի հավաքականի դեմ էր։
-Նման բաները չեն մոռացվում։ Մենք ոչ-ոքի խաղացինք, իսկ ես խաղի 68-րդ րոպեին փոխարինեցի Մարկոս Պիզելիին։
-Հավաքականի հետ կապված քո ամենավառ հիշողությունը ո՞րն է։
-Չեմ ասի, որ այն վառ է, պարզապես երևի դաջվել է իմ հիշողության մեջ։ Հավաքականի խաղերից մեկը Հայաստանում էր, ես կանչել էի իմ ամբողջ ընտանիքին՝ ծնողներիս, հարազատներիս, ընկերներիս, նույնիսկ հորեղբայրս էր եղբորս հետ ժամանել Ուկրաինայից։ Դա իմ առաջին խաղն էր, որին ամբողջ ընտանիքս ներկա էր։ Խաղից առաջ մարզիչը մեզ ցուցումներ էր տալիս, ու մեկնարկային կազմում պետք է լինեինք ես ու Հենրիխ Մխիթարյանը։ Մարզիչն ասաց, որ մենք միասին կխաղարկենք բոլոր անկյունայինները, տուգանայինները։ Պատասխանատվությունը շատ մեծ էր։ Եվ ի՞նչ ես կարծում, ի՞նչ տեղի ունեցավ։ Մենք ավարտեցինք նախավարժանքը, ես վերջին շարժումն էի անում գնդակով և հասկանում էի, որ ես հետ եմ ընկնում, վնասել եմ ոտքս ու չեմ կարողանում շարունակել խաղը։ Անհավանական բարդ էր և դառն էր դա գիտակցելը։ Ես նայում էի տրիբունային, որտեղ նստած էին իմ մտերիմները, արցունքները աչքերիս նայում էի նրանց ․․․ դա չի մոռացվի։ Միայն մի հարց էր ինձ տանջում՝ ինչո՞ւ։ Գուցե, ես կյանքում մի բան այնպես չէի արել, գուցե նեղացրել էի որևէ մեկին ․․․
— «Նեմանի» հետ կապված ի՞նչ ծրագրեր ունես։
-Հիմա ամենակարևորը թիմին օգնել է հնարավորինս լավ արդյունքներ գրանցելու համար։ Բայց, չեմ թաքցնի, ցանկանում եմ ամրապնդվել «Նեմանի» հիմնական թիմում, որպեսզի հավաքականի ուշադրությունն ինձ վրա հրավիրեմ ու վերադառնամ հավաքական։
-Երեք լավագույն ֆուտբոլիստ, ում հետ խաղացել ես միևնույն թիմում։
-Հենրիխ Մխիթարյանը, Արաս Օզբիլիսը և Մարկոս Պիզելին։