Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է, որ ընթացիկ մրցաշրջանը Լիգա 1-ի և Լիգա 2-ի համար ժամանակից շուտ կավարտվի կորոնավիրուսի պատճառով։
«Ֆեդերացիան հաշվի է առել վարչապետ Էդուար Ֆիլիպի հայտարարությունը։ Իշխանության կողմից ընդունված քայլերը թույլ չեն տալիս դիտարկել մրցաշրջանը վերսկսելու հնարավորությունը։
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգային (LFP) առաջարկում է հնարավորինս շուտ ամփոփել Լիգա 1-ի և Լիգա 2-ի մրցաշրջանի արդյունքները և 2020/21 մրցաշրջանում գործունեությունը վերսկսելու նախագիծ մշակել»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։
Հայտարարվել է նաև Ֆրանսիայի կանանց առաջնության դադարեցման մասին։
LFP-ն ևս պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մրցաշրջանն ավարտելու վերաբերյալ՝ հայտնելով, որ այդ մասին պաշտոնապես կհայտարարի ապրիլի 30-ին․
«Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների լիգան ևս հետևել է վարչապետի հայտարարությանը։ Տնօրենների խորհրդի նիստը տեղի կունենա ապրիլի 30-ին, որպեսզի ուսումնասիրենք վարչապետի կողմից արված հայտարարության մարզական և տնտեսական հետևանքները»,- ասվում է LFP-ի տարածած հաղորդագրության մեջ։