ՖԻՖԱ-ի բժշկական կոմիտեի ղեկավար Միշել Դ՛Հոգեն նշել է, որ 2019/20 մրցաշրջանի վերսկսումը կարող է կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի պատճառ դառնալ․
«Մենք բոլորս ենթարկվում ենք իշխանությունների որոշումներին։ Սա շատ պարզ է։ Ֆուտբոլը հիմա դադարել է կյանքի ամենակարևոր բաներից մեկը լինել։ Ես երջանիկ կլինեմ, եթե մենք կարողանանք հաջորդ մրցաշրջանը նախատեսված ժամկետներում սկսել ու մինչ այդ մրցումներ չանցկացնել։ Այդ դեպքում մենք կարող ենք խուսափել վարակի տարածման երկրորդ ալիքից, որը բացառված չէ։
Եթե մենք կարողանանք 2020/21 մրցաշրջանը սկսել օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին, ես երջանիկ լինեմ»,- Դ՛Հոգեի խոսքերն է փոխանցում The Telegraph-ը։
COVID-19-ի վարակման առաջին դեպքերը գրանցվել են Չինաստանում անցած տարվա վերջերին։ Վերջին տվյալների համաձայն, աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 3 մլն դեպք է գրանցվել։ Վիրուսից ավելի քան 212 հազար մարդ է մահացել։ Այդուհանդերձ, ապաքինվածների թիվն ավելի քան 935 հազար է կազմում։