«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին դե Բրույնեն ասել է, որ մտադիր է գերազանցել Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրիի՝ անգլիական Պրեմիեր-լիգայի մեկ մրցաշրջանում կատարած գոլային փոխանցումների քանակով ռեկորդը։
Լեգենդար ֆրանսիացին ռեկորդ է սահմանել 2002/03 մրցաշրջանում՝ կատարելով 20 գոլային փոխանցում։ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում բելգիացու ակտիվում 16 գոլային փոխանցում կա։
«Անկեղծ ասած՝ զգում եմ, որ ես արդեն 17 գոլային փոխանցում ունեմ։ Գիտեմ, որ ինձ զրկել են մեկից «Արսենալի» հետ խաղում։ Չգիտեմ՝ ինչու նրանք դա արեցին, մինչև հիմա չեմ կարողանում դա հասկանալ։ Ես միշտ կատակել եմ Անրիի հետ Բելգիայի հավաքականում, նույնիսկ այս տարի Վենսան Կոմպանիի հրաժեշտի խաղում։ Ես տեսա Թիերիին ու ասացի․ «Այս մրցաշրջանում ես կգամ քո հետևից»։
16 գոլային փոխանցում շատ լավ արդյունք է, որը բնութագրում է կրեատիվ ֆուտբոլիստի։ Եթե հիմա չստացվի գերազանցել Անրիի ռեկորդը, ես, միևնույն է, կփորձեմ։ Եթե որևէ ռեկորդ ես սահմանում, հպարտություն ես զգում։ Նման զգացում ունեի Գերմանիայում։ Դա հաճելի է»,- Դե Բրույնեի խոսքերն է փոխանցում Goal-ը։