ՈՒԵՖԱ-ն, ինչպես հայտնի է, հինգշաբթի գործադիր կոմիտեի նիստ է անցկացրել շվեյցարական Նյոնում, որի ընթացքում լիգաներին խորհուրդ է տվել ավարտին հասցնել ազգային առաջնությունները: Սակայն, կան որոշակի բացառություններ:
ՈՒԵՖԱ-ի գլխավոր խնդիրը ֆուտբոլիստների և երկրպագուների առողջության առաջնահերթությունն է: Հաշվի առնելով այն, որ եվրոպական ֆուտբոլում մրցաշրջանն ընդհատվել է կորոնավիրուսի պատճառով՝ ՈՒԵՖԱ-ն ազգային առաջնությունների վերսկսման երկու սցենար է մշակել: Երկուսն էլ ենթադրում են ներքին առաջնությունների մեկնարկ՝ նախքան եվրագավաթների վերսկսումը, որը նախատեսված է օգոստոսի կեսերին, և վերաբերում են միայն ազգային առաջնությունների բարձրագույն դիվիզիոններին:
Կավարտվեն ազգային բոլոր առաջնություններն ու ներքին մրցաշարերը, իսկ հետո կվերսկսվեն Չեմպիոնների լիգան և Եվրոպա լիգան: Այսպիսով, եվրագավաթներում հնարավոր կլինի հայտնվել միայն մարզական սկզբունքով:
Այդուհանդերձ, ՈՒԵՖԱ-ն հավանական համարում է, որ ազգային առաջնություններն ավարտին չեն հասցվի: ՈՒԵՖԱ-ն, որը նախկինում պատժամիջոցներ էր նախատեսում այն ֆեդերացիաների համար, որոնք կորոշեն ավարտին չհասցնել առաջնությունը, մեղմացրել է դիրքորոշումը:
Կազմակերպությունն ըմբռնումով կմոտենա այն լիգաներին, որոնց երկրներում մարզական միջոցառումների անցկացման արգելք, ինչպես նաև «անհաղթահարելի տնտեսական խնդիրներ» կան: Եթե ներքին առաջնությունն ավարտին չհասցվի, ՈՒԵՖԱ-ն ազգային ասոցիացիաներին կպահանջի ընտրել թիմեր, որոնք կմասնակցեն Չեմպիոնների լիգային և Եվրոպա լիգային՝ հիմնվելով ընթացիկ մրցաշրջանի մարզական նվաճումների վրա:
ՈՒԵՖԱ-ն խստորեն կհետևի, որպեսզի առաջնությունները չդադարեցվեն առանց ծանրակշիռ պատճառի (ծանրակշիռ պատճառ է, օրինակ, տվյալ երկրում իշխանությունների կողմից դրված արգելքը): Խախտում կատարողներին, միևնույն է, եվրագավաթներից հեռացում է սպառնում: Պատժամիջոցները կկիրառվեն, եթե ազգային առաջնությունը «ժամանակից շուտ ավարտվել է ոչ այն պատճառներով, որոնք թույլ է տալիս ՈՒԵՖԱ-ի կանոնադրությունը, կամ հիմնված է ոչ հարգելի պատճառների վրա՝ պայմանավորված հասարակության առողջության պահպանմամբ»:
Նշենք՝ այս պահին առաջնությունը դադարեցնելու մասին հայտարարել է միայն Բելգիան: Նման ծրագիր է նախատեսվում նաև Նիդերլանդներում: Իսկ ահա Գերմանիայում, օրինակ, առաջնությունը մտադիր են վերսկսել արդեն մայիսի 9-ին՝ առանց հանդիսականների:
ՈՒԵՖԱ-ի գործկոմն ակնարկել է, որ նախընտրելի տարբերակը, միևնույն է, մնում է ազգային առաջնությունները տրամաբանական ավարտին հասցնելը: Իդեալական պայմաններում, եթե համավարակային իրավիճակը թույլ կտա, առաջնությունները պետք է շարունակվեն սովորական ռեժիմով: Եթե սա հնարավոր չի լինի, ապա թույլատրելի է նաև այլ ձևաչափի կիրառումը, որը «ակումբներին թույլ կտա որակավորվել մարզական սկզբունքով»: Այլ ձևաչափ կարող է հանդիսանալ, օրինակ, փլեյ-օֆֆի անցկացումը, ինչը թույլ կտա ժամանակ խնայել, բայց այնքան էլ չի հարվածի մարզական սկզբունքին՝ թիմերի դիրքերը մրցաշարային աղյուսակում վերջնական տեսքի բերելու ժամանակ:
Ինչ վերաբերում է եվրագավաթներին, ապա հիշեցնենք՝ ընթացիկ մրցաշրջանում, Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ են դուրս եկել ՊՍԺ-ը, Մադրիդի «Աթլետիկոն», «Լայպցիգը» և «Ատալանտան»: 1/8 եզրափակչի հետևյալ զույգերն էլ անցկացնելու են պատասխան խաղեր՝ «Մանչեսթեր Սիթի»- «Ռեալ» (2-1 առաջին խաղում), «Յուվենտուս»-«Լիոն» (0-1), «Բարսելոնա»-«Նապոլի» (1-1) և «Բավարիա»-«Չելսի» (3-0).
Չեմպիոնների լիգայի վերսկսման հավանական ժամանակահատվածն օգոստոսի 7-8-ն է: Այդ օրերին պետք է կայանան մրցաշարի 1/8 եզրափակչի պատասխան խաղերը: Կիսաեզրափակիչները կարող են կայանալ օգոստոսի 18-19-ին և 21-22-ին, իսկ եզրափակիչը՝ օգոստոսի 29-ին Ստամբուլում:
Նշենք՝ բացի օրացույցային որոշումներից, ՈՒԵՖԱ-ի Գործկոմը մտածում է նաև ակումբներին ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին:
Այսպիսով, որոշվել է 70 մլն եվրո տրամադրել այն ակումբներին, որոնք իրենց ֆուտբոլիստներին բաց են թողել հավաքականներ՝ մասնակցելու Եվրոպայի 2020 թվականի առաջնության և Ազգերի լիգայի որակավորման մրցաշարերին: Այս միջոցները ակումբները պետք է ստանային Եվրոպայի առաջնությունից հետո, բայց ՈՒԵՖԱ-ն որոշել է դրանք ավանսի տեսքով վճարել: Մրցաշարի ավարտից հետո ակումբները ևս 130 մլն եվրո կստանան: Բայց դա արդեն տեղի կունենա 2021 թվականին, երբ կկայանա Եվրոպայի առաջնությունը:
Վերը նշված 70 մլն եվրոն կբաժանվի 676 ակումբների միջև: Յուրաքանչյուր ակումբի մասնաբաժինը կախված կլինի նրանից, թե վերջինս քանի ֆուտբոլիստի է բաց թողել հավաքականներ: Առավելագույն վճարը 630 հազար եվրո կլինի (ՈՒԵՖԱ-ն չի նշել, թե այն որ ակումբը կստանա, բայց, ակնհայտ է, թոփ-ակումբներից մեկը կլինի): Ակումբների մեծամասնությանն ավելի քիչ գումարներ կհասնեն: