Բրազիլական «Պալմեյրասը» հետաքրքրված է «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչով, ում պայմանագիրը իտալական ակումբի հետ ավարտվում է 2020 թվականի ամռանը: Transfermarketweb-ի փոխանցմամբ ՝ բրազիլական ակումբը հույս ունի գայթակղել Իբրահիմովիչին՝ Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում հաղթանակի համար պայքարելու հեռանկարով. շվեդի հավաքածուում այդպիսի գավաթ չկա:
38-ամյա ֆուտբոլիստը ներկա դրությամբ գտնվում է հայրենիքում և մարզվում է «Համարբյուի» ֆուտբոլիստների հետ։ Հիշեցնենք, որ շվեդ հարձակվողը «Համարբյուի» համասեփականտերն է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իբրահիմովիչը համաձայնել է ևս մեկ մրցաշրջան մնալ «Միլանում» միայն մեկ պայմանով. դա ակումբի ղեկավարների խոստումն է՝ տրանսֆերային պատուհանի ընթացքում կազմը թարմացնելու համար զգալի ներդրումներ կատարելը: Հակառակ դեպքում, շվեդը կամ կփոխի ակումբային գրանցումը, կամ կավարտի կարիերան:
Անցած ձմռանը «Միլան» վերադառնալուց հետո Իբրահիմովիչը 10 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ: