2020 թ-ը շարունակում է տհաճ անկանկալների մատուցումը: Քսան Քսանը շախմատային փոքր Հայաստանին արդեն իսկ զրկել է մեկ թագավորից և թագուհուց: Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանե Կաոիլիի մահվանից օրեր անց սրտի կաթվածից մահացավ գրոսմայստեր, վաստակավոր մարզիչ, 2 Օլիմպիական խաղերի մասնակից Արսեն Եղիազարյանը: Ընդամենը 48 օր անց կբոլորեր Արսենի 50 ամյակը, բայց…
Արսեն Եղիազարյանը շախմատի Արմեն Գյուլբուդաղյանցն էր: Նրա աշխատանքը պատանիների հետ աննկարագրելի արդյունավետ էր: Պատահական չէ, որ նա մարզել է տարբեր տարիքային պատանեկան հավաքականներ, և նրա գլխավորած ընտրանիները տարբեր հաջողություններ են ունեցել՝ թե՛ անհատական, թե՛ թիմային: Armsport-ը զրուցել է շախմատի Հայաստանի գործող չեպիոն, Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանի ու կանանց հավաքականի նախկին անդամ, գրոսմայստեր Լիլիթ Գալոյանի հետ՝ փորձելով հասկանալ ու գնահատել նրանց ու շախմատային Հայաստանի կյանքում Արսեն Եղիազարյանի ունեցած ավանդը:
Ի տարբերություն Սամվելի՝ Արսենը եղել է Լիլիթի նաև անհատական մարզիչը, և Գալոյանը իր հաղթանակների գրավականը համարում է Արսեն Եղիազարյանի տված գիտելիքները.
«Արսենը եղել է իմ երկրորդ մարզիչը: 1997 թ-ից եղել է իմ անհատական մարզիչը, 4-5 տարի հավաքականի կազմում եղած տարիներին ևս միմյանց հետ աշխատել ենք: Իմ շախմատային հաջողությունների համար ես երախտապարտ եմ Արսենին:
Նրա մարդկային որակների մասին բոլորը գիտեին: Ինչ-որ մի ժամանակ դադարեցվեց խոստումնալից երեխաների մարզիչների ֆինանսավորումը, բայց Արսենը պահեց խումբը և մեզ կանչում էր պարապմունքի, կարծես՝ ոչինչ չէր եղել: Ի տարբերություն խմբի մյուս երեխաների՝ ծնողներս ի վիճակի չէին պարապմունքի գումարը վճարելու, բայց ուշադրություն չդարձնելով այդ փաստին, նա շարունակեց ինձ մարզել: Այս փաստը բնորոշում էր նրա՝ բարձր հատկանիշներով օժտված լինելը: Շատ մեղմ ու փափուկ բնավորություն ուներ, բայց միևնույն ժամանակ շատ տղամարդկային էր: Խմբավորումներ կամ ավելորդ խոսակցություններ ստեղծելն իր տեսակին հարազատ չէր: Լինելով հավաքականի մարզիչ՝ չեմ հիշում, որ վատ խաղացած պարտիաներից հետո թիմի աղջիկներից որևիցե մեկին նա ինչ-որ «թթու» խոսք ասած լիներ: Երբեք ներքին լարվածություն չէր ստեղծում: Հաղթած պարտիաներից հետո մոտենում, շնորհավորում էր, իսկ պարտություններից հետո քննարկում էինք ու անմիջապես անցնում առաջ, ոչինչ չէր բարդեցնում: Շատ կատակասեր էր: Մենք մի ընտանիք էինք, շատ հավաքներ ենք միասին անցկացրել: Երբ հավաքականում հայտնվեցի, բոլորը նրան Արսենով էին դիմում, իսկ ես ընկեր Արսեն էի ասում, բայց երբեմն փորձում էի Արսենով դիմել, և այդ պահերին նա հումորով հարցնում էր ինձ. «Հիմա ես Արսե՞նն եմ, թե՞ ընկեր Արսենը»: Պարտություններից հետո նա շատ հաճախ փորձում էր մեզ հանել ծանր իրավիճակներից:
Երբ սկսեցի Արսենի մոտ պարապել, նա նոր էր լրացրել գրոսմայստերի նորման: Հիշում եմ, երբ մրցաշարից վերադառնում ու ցույց էր տալիս պարտիաները, ես առաջին անգամ էի տեսնում ու լսում, որ հնարավոր է դիրքին այդքան արագ ու վստահ գնահատական տալ: Ընդամենը 2 տարվա առաջին կարգային է, և վարպետների շախմատային դասերը, այս կամ այն դիրքի մասին բանավեճերն ու եզրակացություններն ինձ համար մեծ հնարավորություն էր՝ հասկանալու այդ պահին իմ շախմատային սուղ գիտելիքներն ու դեռևս չձևավորված դիրքային տեսողությունը:
Չի եղել դեպք, որ խաղից առաջ պատրաստ չլինեինք: Բացարձակապես մեզ չէր լարում: Գալիս էր, օգնում էր, սկզբնախաղային հարցերն էր լուծում: Շատ լուրջ ապրումներ էր ունենում խաղերի ժամանակ: Քանի որ մարզիչները չեն կարող խաղատախտակի առջևից քայլել, նա կանգնում էր մեր կողքին կամ թիկունքում: Ես անձամբ զգում էի նրա բնույթին հակառակ լարվածությունը, ճակատի երակներից զգում էի, որ շատ թեժ իրավիճակ է ոչ միայն իմ, այլ նաև թիմի մյուս անդամների մոտ:
Արսենի պահանջարկն այնքան մեծ էր, որ աշխատում էր ոչ միայն Հայաստանի տաղանդավոր պատանիների հետ, այլ նաև առաջարկներ էր ունենում տարբեր երկրներից: Վերջին շրջանում աշխատում էր Ղազախստանում, հատուկ առաջարկով մեկնել էր այնտեղ ու աշխատում էր ղազախ պատանի տաղանդավոր շախմատիստների հետ:
2008 թ-ին կանանց Հայաստանի հավաքականը համաշխարհային թիմային Օլիմպիադայում լավագույն արդյունքը ցույց տվեց՝ կիսելով 5-6-րդ հորիզոնականները: Որպես հավաքականի մարզիչ, Արսենի դերն ահռելի էր, քանի որ հավաքականի անդամ գրոսմայստերները նրա՝ որպես մարզիչ աշխատած տարիներին էին կայունացել ու դարձել հզոր»:
Իր հաղթանակների համար Արսենին երախտապարտ է նաև Սամվել Տեր-Սահակյանը.
«Ընկեր Արսենը գիտեր շախմատային թե՛ հին, թե՛ նոր գրքերը: Շատ էր ընթերցում, անընդհատ սովորում էր, ուներ գիտելիքների մեծ պաշար: Այսինքն, նա կարող էր տարբեր սերունդների ներկայացուցիչների կրթել: Երկար տարիներ նա ինձ պատրաստել է խաղերից առաջ: Եվրոպայի և աշխարհի պատանեկան առաջնություններից առաջ նա բոլորիս հետ առանձին աշխատում էր, տալիս էր ամեն հնարավորն ու անհնարինը: Նրա գլխավորած պատանեկան հավաքականների անդամները հետագայում էլ դարձան Հայաստանի չեմպիոններ ու դարձան ազգային հավաքականի անդամներ:
Շատ կատակասեր էր, միշտ հետաքրքրիր պատմություններ էր պատմում, բայց հետաքրքիրն այն է, որ ինքն էլ շատ հաճախ հայտնվում էր նման պատմությունների կենտրոնում»:
Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը վաստակավոր մարզչի մահվանն արձագանքեց՝ գրառում կատարելով Ֆեյսբուքում.
«Արսեն Եղիազարյանի՝ կյանքից հեռանալու մասին լուրն ինձ համար շոկային էր: Չեմ հավատում, չեմ ցանկանում հավատալ…
Հիշում եմ իմ երիտասարդությունը, առաջին շախմատային քայլերը Հայաստանում, մրցաշարերին պատրաստվելը, ուսումնամարզական հավաքները՝ Հայաստանի համար դժվար ժամանակներում, տարբեր մրցաշարերին՝ մեր մասնակցությունները, հաջողություններն ու անհաջողությունները: Մի քանի տարի նա իմ անհատական մարզիչն էր, իսկ 2000-2010 թվականներին գլխավորում էր Հայաստանի կանանց ազգային հավաքականը: Միասին մենք Եվրոպայի թիմային առաջնությունում նվաճեցինք 2 մեդալ՝ 2003 թվականին ոսկի և բրոնզ 2007-ին: Իմ շախմատային կարիերայում Արսենի հետքն անգնահատելի է:
Խորապես ցավակցում եմ Արսենի հարազատներին ու ընկերներին: Շախմատային Հայաստանը Մեծ Մարդ կորցրեց»:
Գրոսմայստերի մահվան լուրին արձագանքեց գրոսմայստեր, կրկնակի Օլիմպիական չեմպիոն, Հայաստանի պատանեկան հավաքական գլխավոր մարզիչ Արտաշես Մինասյանը.
«Խոր ցավով տեղեկացա ՀՀ վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի անժամանակ մահվան մասին: Արսեն Եղիազարյանը հանդիսանում էր Հայաստանի լավագույն մարզիչներից մեկը: Եղիազարյանը հաղթանակներ է ունեցել նաև որպես պրակտիկ շախմատիստ՝ «Երևան» ակումբի կազմում 1995 թվականին նվաճել է Եվրոպայի ակումբային գավաթը: 1994 և 1996 թվականներին Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է շախմատի համաշխարհային Օլիմպիադաներին: Արսեն Եղիազարյանը մեծ ավանդ ունի հայ պատանի շախմատիստների հաջողությունների գործում, ովքեր հետագայում հասել են նշանակալի նվաճումների: Արսեն Եղիազարյանը էական ներդրում է ունեցել Հայաստանի կանանց հավաքականի կայացման և հաղթանակների կերտման գործում: Եղիազարյանի գլխավորած Հայաստանի կանանց հավաքականը 2003 թվականին հռչակվել է Եվրոպայի կանանց թիմային չեմպիոն, իսկ 2007 թվականին Եվրոպայի կանանց թիմային առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ:
Անվանի շախմատիստի, հաղթանակներ կերտած մարզչի, գործընկերների հարգանքը և հարազատների սերը վայելող Արսեն Եղիազարյանի հիշատակը վառ կմնա մեր սրտերում: Իմ խորին վշտակցությունը և զորակցությունն եմ հայտնում Արսեն Եղիազարյանի ընտանիքին, ընկերներին և շախմատային հանրությանը»:
Շախմատային Հայաստանը, իրավամբ, առաջին հերթին կորցրեց լավ մարդու ու հզոր մասնագետի: Նրա տված գիտելիքներն ու շախմատային մեծ ավանդը ընդմիշտ կմնա ու կհիշվի, իսկ նրա սաները, կարծում եմ, իրենց առաջին հաղթանակները հրապարակավ կնվիրեն Արսեն Եղիազարյանին:
Արմեն Գարամյան