«Կալյարիի» բելգիացի կիսապաշտպան Ռաջա Նայինգոլանը կիսվել է Միլանի «Ինտերում» և Հռոմի «Ռոմայում» իր ելույթներից ունեցած հիշողություններով:
«Բախտն ինձ չժպտաց «Ինտերում»: Ես թիմ եկա էնտուզիազմով, բավականին լավ սկսեցի, սակայն հետո վնասվածք ստացա: Ընդ որում, նայելով վիճակագրությանը՝ կարծում եմ, որ կարող եմ միանգամայն գոհ լինել իմ ելույթներից, չնայած՝ կարող էի հասնել ավելիին: «Ինտերում» ես լավագույն Նայինգոլանը չէի:
«Ռոմա՞ն». Հռոմում ես թողել եմ իմ սիրտը: Դա ունիկալ փորձառություն էր: Ցավոք, իմ բնավորությունն ու հպարտությունը ստիպեցին ինձ փոխել թիմը»,- Նայինգոլանի խոսքերն է փոխանցում լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը:
Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա Նայինգոլանը «Կալյարիի» կազմում Իտալիայի առաջնության 21 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: