«Ինտերի» նախկին պաշտպան Մարկո Մատերացին կիսվել է իսպանացի մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ աշխատանքի հուշերով։
«Եթե խոսենք Բենիտեսի մասին «Ինտերում», ապա խոսքն այն մասին չի լինի, որ նա վատ սկսեց ու շատ վատ ավարտեց, այլ այն մասին, որ նա ընդհանրապես ոչինչ չկարողացավ ավարտին հասցնել։ Այն ամենը, ինչ ստեղծել էր Մոուրինյուն, Ռաֆան ոչնչացրեց։ Մարզչի աշխատանքը կարելի է հաջող համարել այն ժամանակ, երբ նա էմպատիա ունի խաղացողների հանդեպ։ Նա մի կողմ դրեց հանդերձարանի լիդերներին ու նրանց հետ խնդիրներ սկսվեցին։ Այո, մարդ, որը «Լիվերպուլի» հետ հաղթել է Չեմպիոնների լիգան, հասկանում է ֆուտբոլից, բայց «Ինտերում» չաշխատեց ինձ հետ, «Նապոլիում»՝ Կանավարոյի, «Չելսիում»՝ Թերիի, «Ռեալում»՝ Ռոնալդուի կամ ինչ-որ ուրիշ մեկի հետ ևս։ Եվ ի՞նչ, միշտ խաղացողնե՞րն են մեղավոր»,-Մատերացիի խոսքերն է փոխանցում Chanasoccernet-ը։
Մատերացին «Ինտերում» հանդես է եկել 2001-2011 թվականներին, իսկ Բենիտեսը միլանցիներին գլխավորել է 2010 թվականին։