«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ներողություն է խնդրել ակումբից՝ թիմակիցների կորոնավիրուսով վարակվելու մասին արած իր հայտարարության համար:
Football Italia-ն հայտնում է, որ «Ինտերն» ընդունել է 26-ամյա ֆուտբոլիստի ներողությունը: Բելգիացին խախտել է իտալական ակումբի կարգապահական կոդեքսը, սակայն սպասվում է, որ ակումբը նրան չի տուգանի:
Հիշեցնենք՝ Լուկակուն ավելի վաղ հայտարարել էր հետևյալը.
«Դեկտեմբերի վերջին մենք մեկ շաբաթյա դադար ունեցանք, որից հետո վերադարձանք աշխատանքի, և երդվում եմ, որ 25 խաղացողներից 23-ը հիվանդ էին: Ես չեմ կատակում: Մենք խաղում էինք Նաինգոլանի «Կալյարիի» հետ, և մեկնարկից մոտ 25 րոպե անց մեր պաշտպաններից մեկը ստիպված եղավ լքել խաղադաշտը: Նա չկարողացավ շարունակել խաղալ, և լավ է, որ ուշաթափություն չեղավ նրա մոտ: Բոլորը հազ և ջերմություն ունեին»:
Լուկակուն նշել էր, որ իրենց այն ժամանակ չեն թեստավորել, այնպես որ երբեք չեն իմանա՝ արդյոք վարակվա՞ծ են եղել կորոնավիրուսով, թե՞ ոչ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ինտերի» ղեկավարությանը դուր չի եկել Լուկակուի հայտարարությունն այն մասին, թե հունվարին «ներաձուրիների» շարքերում կորոնավիրուսի էպիդեմիա է գրանցվել։ Ակումբում կարծում են, որ բելգիացու հայտարարությունն անհիմն է, ու չնայած սրան՝ իրենք չեն ցանկանում պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ: