Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը ևս ընդգծում է՝ իրենք պետք է սպասեն միջազգային ֆեդերացիայի օրացույցին՝ հետագա անելիքները հասկանալու համար:
Այս մասին ազատ ոճայինների գլխավոր մարզիչը նշել է ArmSport-ի հետ զրույցում:
«Այս տարվա մարզումային ծրագրերը դեռևս հայտնի չեն: Միջազգային ֆեդերացիայից կստանանք օրացույցն ու ըստ դրա կշարժվենք: Մինչ այդ ոչինչ չենք կարող պլանավորել»,- ասում է մարզիչը:
Նրա խոսքով, այս ամենի ավարտից հետո աշխատելու տեղ, անկասկած, շատ կլինի.
«Իհարկե մարզիկները հետ կընկնեն իրենց պլանից, քանի որ չենք կարողանում ըստ նախատեսածի աշխատանքները կատարել: Տղաները հիմա անհատական մարզումներ են անցկացնում՝ աշխատելով հիմնականում ֆիզիկական պատրաստվածության վրա: Այս ամենի ավարտից հետո աշխատելու տեղ, անկասկած, շատ կլինի»,- ասում է Հաբեթնակ Կուրղինյանը:
Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) ազատ, հունահռոմեական ոճերի և կանանց ըմբշամարտի բոլոր վարկանիշային մրցաշարերը տեղափոխել է հաջորդ տարի։
Նարե Հովհաննիսյան
Երբ ունենանք միջազգային ֆեդերացիայի օրացույցը, կհասկանանք մեր հետագա անելիքները. Էդուարդ Սահակյան