Ֆրանսիացի լրագրող Նիկոլյա Վիլասայի նոր՝ Mourinho: Behind the Special One գրքում մանրամասներ են բացահայտվում պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուի՝ 2004 թվականին Լոնդոնի «Չելսին» գլխավորելու վերաբերյալ, հայտնում է ESPN-ը:
Մոուրինյուի նախկին խորհրդականի՝ Խորխե Բայդեկայի խոսքով, բոլորից շուտ պորտուգալացու հետ համաձայնության էր եկել «Լիվերպուլը»: Ժոզեն պետք է գլխավորեր մերսիսայդյան ակումբը, բայց վերջիններս 15 օր են խնդրել՝ Ժերար Ուլյեի հետ պայմանագիրը խզելու համար:
Այդ ընթացքում գործակալ Ժորժե Մենդեշը Մոուրինյուին պատմել է «Չելսիի» տարբերակի մասին, որը ֆինանսական տեսանկյունից ավելի շահավետ պայմանագիր է առաջարկել: Արդյունքում պորտուգալացին ընտրել է լոնդոնյան ակումբը:
Գրքում վստահեցվում է, որ Ժոզեն «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ միայն 2 անգամ է հանդիպել՝ մայիսին ՉԼ-ի կիսաեզրափակչից առաջ և մրցաշարի եզրափակչում հաղթելու հաջորդ օրը: