ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ամերիկյան խոշոր սպորտային լիգաների ղեկավարների միջև զրույցը չհստակեցրեց հեռանկարները՝ այդ առաջնություններում մրցաշրջանի վերսկսման վերաբերյալ: NHL-ի (Հոկեյի Ազգային լիգա) և NBA-ի (Բասկետբոլի Ազգային լիգա) նման լիգաները, ի տարբերություն գլխավոր ֆուտբոլային կառույցների, դեռևս չեն կարողանում կազմել առաջիկա գործառույթների ծրագրերը: Իսկ փորձագետների առաջարկած սցենարների մեջ գերակշռում է հոռետեսությունը:
Սպորտը լուսաբանող ամերիկյան ԶԼՄ-ներին ամենահետաքրքրող թեմաներից մեկը Դոնալդ Թրամփի հեռավար զրույցն էր մարզական խոշոր լիգաների ղեկավարների հետ: Այս ռեսուրսներից ոմանք, ինչպիսիք են TSN-ը, չեն բացառում, որ այս խոսակցության ընթացքում առաջընթաց կարող է գրանցվել՝ ընդհատված մրցաշրջանների վերսկսման հեռանկարները որոշելու վերաբերյալ: ԱՄՆ նախագահի հետ զրույցի մանրամասները տարբեր լիգաների ներկայացուցիչների, ներառյալ NHL-ի և NBA-ի ներկայացուցիչների հետ, դեռ անհայտ են: TSN-ը միայն նշում է, որ օրակարգում ներառված են այնպիսի կետեր, ինչպիսիք են փակ տրիբունաներով մրցաշարերը վերսկսելու հնարավորությունը և խաղացողների տեղաշարժը ԱՄՆ-ի, Կանադայի և Եվրոպայի միջև: Սակայն աղբյուրներից շատերը համաձայն են, որ այդ հարցերում ևս դեռ ոչինչ պարզ չէ:
Համեմատության համար, նշենք, որ, օրինակ, Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) և Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) գոնե հասցրել են ամուր վճռականություն հայտնել մրցաշրջանի ավարտի վերաբերյալ: Եվ ՈՒԵՖԱ-ն նույնիսկ դրա ավարտի համար մշակել է մի քանի սցենարներ՝ կախված մրցաշրջանի դադարի երկարաձգումից: Նրանք, ովքեր անտարբեր չեն ամերիկյան սպորտի նկատմամբ, այժմ ստիպված են ապավինել բացառապես մասնագետների կանխատեսումներին, որոնք, ինչպես վերը նշել էինք, այդքան էլ լավատեսական չեն:
«Թրամփը հույս է հայտնել, որ երկրպագուները կկարողանան վերադառնալ մարզադաշտեր օգոստոս-սեպտեմբեր ամիսներին», — այդպես է նկարագրում ESPN-ը նախագահի հիմնական ուղերձը: Մինչդեռ, ըստ նրա մեկնաբանության, այս պարագայում, հավանաբար, մենք ստիպված կլինենք մոռանալ ինչպես NBA-ի, այնպես էլ NHL-ի մրցաշրջանը ավարտին հասցնելու մասին, որը լիգաներին կկանգնեցնի լայնամասշտաբ ֆիանանսական կորուստների առջև: Եվ գումարենք նաև մարզական գործոնը․ մարզիկները կես տարուց ավել կմնան առանց խաղային պրակտիկայի, և հավատացեք, դա ևս մեծ խնդիր է․ մարզիկներին դժվար կլինի երկարատև դադարից հետո արագ ձեռք բերել լավ մարզավիճակ։
Օրինակ, The Athletic-ը նշում է, որ NHL-ի կորուստները կկազմեն ավելի քան 1 միլիարդ դոլար: Եվ սա չհաշված այլ խնդիրները, ինչպիսիք են աշխատավարձի մաքսիմումի կարգավորումը, որը ավանդաբար ձևավորվում է լիգայի ակումբների եկամուտների հիման վրա`մրցաշրջանի ավարտից հետո:
Մի փոքր ավելի լավատեսական տարբերակներ ևս կան, պայմանով, որ լիգաները կսկսեն նորից գործել ոչ թե ամռան ավարտին, այլ ավելի վաղ: Առնվազն դա այն է, որի հույսն ունի NHL-ի ղեկավար Գարի Բետմենը: «Կարծում եմ, որ մենք հավանաբար կխաղանք ամռանը: Եվ մենք հնարավորություն ունենք դա անելու: Ժամանակները, երբ հանդիպումները հետաձգվում էին մարզահամալիրում օդորակման բացակայության պատճառով, անցել են: Մենք խաղում ենք Ֆլորիդայում, Հարավային Կալիֆորնիայում, Արիզոնայում, Լաս Վեգասում, Դալասում և ցանկացած պայմաններում կարող ենք պատրաստել սառույց: Մենք ունենք գերժամանակակից շինություններ, ուստի սառույց պատրաստելը կլինի ամենափոքրը մեր առջև ծառացած խնդիրներից», — մեջբերում է Բետմենին New York Post-ը:
Այնուամենայնիվ, նույնիսկ նման սցենարն իրականացնելիս, սահմանափակ ժամանակի պատճառով, մենք ստիպված կլինենք մոռանալ «կանոնավոր մրցաշրջանի» ավարտի մասին և անմիջապես պետք կլինի անցնել փլեյ-օֆֆ փուլի: Եվ այն պատճառով, որ թիմերը խաղացել են անհավասար թվով հանդիպումներ, փլեյ-օֆֆի մասնակիցներին որոշելը կորոշվի թիմերի հավաքած միավորների միջին համեմատականով․ իսկ միայն վաստակած միավորների միջին տոկոսի վրա հենվելը բավականին հակասական չափանիշ է, համաձայնվեք:
Այս դեպքում նոր մրցաշրջանի սկիզբը պետք է հետաձգվի ևս մոտ մեկ ամսով`մինչև նոյեմբեր, բայց NHL-ում, TSN-ի թղթակից Պիեռ Լեբրունի խոսքերով, պատրաստ են դրան:
Պարզ չէ, թե երբ կվերսկսվի մրցաշրջանը նաև NBA-ում: Այս լիգայում ավարտին է մոտենում է այն վերսկսելու 25-օրյա ծրագիրը, որի համաձայն ակումբի խաղացողները ստիպված կլինեն 11 օր հատկացնել անհատական մարզմանը, ևս երկու շաբաթ անցկացնել ուսումնամարզական հավաքներում՝ ձեռք բերելով մարզավիճակ: NBA-ի ղեկավար Ադամ Սիլվերը մինչ այժմ ձեռնպահ է մնացել կանխատեսումներից: «Ես լսում եմ առողջապահության ոլորտի մասնագետներին և այն մարդկանց, ովքեր պնդում են, որ վիրուսը տարածվում է ավելի արագ, քան մենք կարծում էինք: Բայց ես չգիտեմ, թե ինչպես դա կազդի գարնան վերջին կամ ամռանը մանրահատակ վերադառնալու հնարավորության վրա: Մենք կարող ենք միայն ընդունել այն փաստը, որ ապրիլին մենք չենք կարողանա որևէ լուծում գտնել», — Twitter-ում ասել է NBA-ի ղեկավարը:
Այլ կարծիք ունի «Դալլաս Մավերիքս» ակումբի սեփականատեր Մարկ Կուբանը: Ընդհակառակը, նա համոզված է, որ այժմ հնարավոր է պլանավորել կանոնավոր մրցաշրջանի շարունակությունը: «Ակնհայտ է, որ միայն գիտնականներն ու բժիշկները կարող են նշել ճշգրիտ ամսաթվերը: Բայց ես ենթադրում եմ, որ հունիսի սկզբին թիմերը կկարողանան խաղադաշտ դուրս գալ և խաղալ», — ասել է Կուբանը NBC Sports-ին, ավելացնելով, որ համենայն դեպս այդ խաղերը անհրաժեշտ կլինի անցկացնել առանց հանդիսականների: