«Բարսելոնայի» տնօրենների խորհրդի վեց անդամ հեռացել է կատալոնական ակումբից: Հրաժարականի դիմում են ներկայացրել երկու փոխնախագահներ՝ Էմիլի Ռուսոն և Էնրիկե Տոմբասը, ինչպես նաև տնօրեններ ՝ Սիլվիո Էլիասը, Խոսեպ Պոնտին, Մարիա Տեյշիդորին և Ժորդի Կալսամիլան:
«Ստորև հրաժարականի դիմումը ստորագրած տնօրենները նախագահին (Խոսեպ Բարտոմեուին) տեղեկացրել են ակումբում իրենց պաշտոններից հրաժարվելու որոշման մասին:
Մենք հասել ենք այս կետին և չենք տեսնում հնարավորություն փոխելու ակումբը կառավարելու ձևը` ի դեմս ապագայի կարևոր մարտահրավերների, և հատկապես հետպանդեմիային նոր սցենարի:
Մենք նաև ուզում ենք շեշտել մեր հիասթափությունը ակումբում սոցիալական ցանցերի հետ կապված միջադեպի կապակցությամբ, որը հայտնի է որպես Barcagate, ինչը մենք իմացանք մամուլից:
Որպես մեր ակումբի համար վերջին ծառայություն՝ մենք առաջարկում ենք հնարավորինս շուտ անցկացնել նոր ընտրություններ, ինչը թույլ կտա կառավարել ակումբը ամբողջ ներուժով և լավագույն ձևով ՝ ի դեմս կարևոր մարտահրավերների, որոնց առջև առաջիկայում կկանգնի ակումբը:
Եվ վերջում, բայց ոչ պակաս կարևոր ակնարկ: Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել և մեր երախտագիտությունը հայտնել մեր այն գործընկերներին տնօրենների խորհրդի կազմում, ովքեր իրենց ամբողջ ուժն են ներդրել ի հօգուտ Բարսելոնայի բարօրությանը:
Մենք շնորհակալություն ենք հայտնում ակումբի ղեկավարներին և անձնակազմին՝ նրանց ցուցաբերած աջակցության և գերազանց աշխատանքի համար: Մենք պատիվ ունեցանք ծառայելու մեր սիրելի «Բարսային»,- մեջբերում է ակումբի ներկայացուցիչներին Marca-ն: