Ultimate Fighting Championship-ի նախագահ Դանա Ուայթի դեմ դատական հայց են ներկայացրել: Այս մասին հայտնում է Las Vegas Review-Journal-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, անշարժ գույքի գործակալ Էռնեստո Ջոշուա Ռամոսը դիմել է Կլարկի շրջանի դատարան: Հայտարարության մեջ ասվում է, որ Ուայթն իրեն չի վճարել 450 հազար դոլար այն բանի համար, որ Ռամոսը չի բացահայտել 5 տարվա վաղեմության քրեական գործի մանրամասները:
Հաղորդվում է, որ 2014 թվականին Ռամոսը Ուայթից 200 հազար դոլար է ստացել՝ սպառնալով, որ UFC-ի նախագահի մասնակցությամբ սեռական բնույթի տեսանյութ կհրապարակի: 2015 թվականին Ռամոսին ձերբակալել են FBI-ի գործակալները ու նա մեկ տարի բանտում է անցկացրել:
Ընդ որում, Ուայթը Ռամոսին խոստացել է 450 հազար դոլար վճարել, որպեսզի նրա անունը ոչ մի տեղ չշոշափվի քրեական գործի փակվելուց հետո: Սակայն Ռամոսը չի ստացել այդ գումարն ու հիմա դիմել է դատարան: