«Վալենսիայի» պաշտպան Էզեկիել Գարայը հայտնել է, որ կորոնավիրուսով պայմանավորված ինքնամեկուսացումն իր ընտանիքից, ավարտվել է.
«Եվ մեկ քայլ: Եվ չնայած մենք չենք կարող համբուրվել ու գրկախառնվել, մենք միասին ենք: Տոնում ենք ,որ ինքնամեկուսացումն ավարտվել է: Երջանիկ ենք, քանի որ այսօր ևս մեկ քայլը հաղթանակ է: Մենք հետևում ենք բժիշկների հորդորներին. ինքնամեկուսացման մեջ լինելուց հետո դեռ 14 օր պետք է կարանտինի մեջ գտնվել, պահպանել հեռավորությունն ու դիմակ կրել»,- գրել է Գարայը Instagram-ի իր էջում:
Ավելի վաղ Գարայը տեսանյութ էր հրապարակել, որում նա վագրի հագուստով պարում էր Ջենիֆեր Լոպեսի Love Don’t Cost a Thing երգի ռեմիքսի ներքո:
Մարտի 15-ին 33-ամյա ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել: Գարայն արդեն վերականգնվել է ծնկի վնասվածքից:
Արգենտինացին «Վալենսիա» է տեղափոխվել 2016 թվականին «Զենիթից»: Գարայը հանդես է եկել նաև «Ռեալում», «Ռասինգում» և պորտուգալական «Բենֆիկայում»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Վալենսիայի» բոլոր ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուսի նոր թեստերի պատասխանը բացասական է եղել: