29-ամյա իսպանացի կիսապաշտպան Տոնի Դովալեն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է «Սելթայում», հանդես է եկել նաև «Լեգանեսում», «Ռայո Վալեկանոյում», իսկ վերջին տարիներն անցկացրել է Կիպրոսում ու Հնդկաստանում:
ArmSport-ը բացառիկ հարցազրույց է ունեցել իսպանացի ֆուտբոլիստի հետ, ով պատմել է, թե ինչպես կորոնավիրուսի տարածումը խանգարեց իրեն նոր ակումբ տեղափոխության հարցում և ինչպես դրդեց կիրառել երկրորդ՝ դեղագետի մասնագիտությունն ու աշխատել դեղատանը՝ երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի պայմաններում:
Դովալեի հետ խոսել ենք նաև «Սելթայում» անցկացրած ժամանակահատվածի, իր կարիերայում մեծ դեր խաղացած երկու մարզիչների և այլնի մասին.
«Երկար տարիներ խաղացել եմ «Սելթայում»՝ Լուիս Էնրիկեի գլխավորությամբ: Մեկ տարի էլ հանդես եմ եկել Լուգոյում՝ Կիկե Սետյենի գլխավորությամբ, որն այժմ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչն է: Այս երկու մարզիչների օրոք էլ, թերևս, իմ լավագույն խաղն եմ ցուցադրել: Դրանից հետո խաղացել եմ «Լեգանեսում»: Այնուհետև, որոշեցի խաղալ MLS-ում, ու նաև ասիական երկրներում՝ Թայլանդ, Հնդկաստան: Հնդկաստանում ապրելը դժվար էր, բոլորն ինձ ճանաչում էին ու դժվար էր նորմալ, սովորական կյանքով ապրելը, բայց Իսպանիայում շատ դժվար է տիտղոսների համար պայքարելը, եթե դու հանդես չես գալիս «Ռեալում» կամ «Բարսելոնայում»: Այդ իսկ պատճառով որոշեցի ուժերս փորձել Ասիայում. այնտեղ հանդես եկա թոփ-ակումբներում ու հնարավորություն ստացա պայքարելու տիտղոսների համար»,- խոստովանում է ֆուտբոլիստը:
Խոսելով «Բարսելոնայի» նախկին ու ներկա գլխավոր մարզիչների հետ աշխատանքի առանձնահատկությունների մասին՝ Դովալեն ընդգծում է նաև նրանց մարդկային որակները.
«Լուիս Էնրիկեն մարզումների ժամանակ քեզնից 120 % էր պահանջում, բայց նա շատ ջերմ ու հումորով մարդ է, և երբ մարզումն ավարտվում էր, կատակներ էր անում, հարցնում մեր առօրյա կյանքի մասին: Նա հոգ էր տանում իր խաղացողների մասին, հարցնում էր, թե ինչպես է մեր անձական կյանքը, գիտեր մեր ընտանիքիների, խնդիրների մասին: Ու շատ էր մեզ օգնում:
Ինչ վերաբերում է Կիկե Սետյենին, ապա նա այն մարզիչն էր, որը կարողացավ լավագույնը քաղել ինձնից: Նրա համար ես շատ կարևոր խաղացող էի, քանի որ իմ որակները համապատասխանում էին նրա ֆուտբոլային գաղափարախոսությանն ու մարտավարությանը: Նա ևս շատ լավ մարդ է: Երկուսի հետ էլ մինչ օրս լավ հարաբերությունների մեջ եմ, ու պահում եմ կապը: Նրանք կարիերայիս լավագույն մարզիչներն էին, որոնցից շատ բան եմ սովորել ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս»,- ասում է Տոնի Դովալեն ու ընդգծում, որ Սետյենը հիանալի տարբերակ է ներկայիս «Բարսելոնայի» համար.
«Կիկե Սետյենն, իմ կարծիքով, հիանալի ընտրություն էր «Բարսելոնայի» համար: Նրա խաղաոճն իդեալական համախաստախանում է «Բարսելոնային»: Նման մեծ ակումբում սպասելիքները միշտ մեծ են, բայց նա լավ է գլուխ հանում»:
Տոնի Դովալեին Հայաստանի հետ կապում է «Նոայի» գործադիր տնօրեն Արթուր Սահակյանը. պարզվում է՝ նրանք մտերիմ ընկերներ են.
«Արթուրին մի քանի տարի է՝ ճանաչում եմ: Նա շատ ազնիվ ու լուրջ մարդ է, ինչն այս ոլորտում հեշտ չես հանդիպի: Գիտեմ, որ նա հիանալի նախագիծ է իրականացնում Հայաստանում: Արթուրն իմ լավ ընկերն է, նրան միայն հաջողություններ եմ մաղթում: Գիտեմ, որ Հայաստանում նաև իսպանացի մարզիչ է աշխատում՝ Դավիդ Կամպանյան, ու հիանալի է կատարում իր գործը»,- եզրափակում է իր խոսքը Տոնի Դովալեն:
Նարե Հովհաննիսյան