2019 թվականի վերջին Չինաստանի Ուհան քաղաքում բռնկված կորոնավիրուսը չի խնայում ոչինչ։ Մարտի 11-ին ԱՀԿ-ի կողմից համավարակ հայտարարված վիրուսը պատճառ հանդիսացավ, որ Օլիմպիական խաղերը ժամանակակից պատմության մեջ, իսկ այն հաշվվում է 1896թ-ից, առաջին անգամ հենց հետաձգվեն։ Այո՛, դուք ճիշտ եք։ Օլիմպիական խաղերը երբեք չէին հետաձգվել։
Ողջու՜յն։ Վերջին 100 ու մի փոքր ավելի տարիների ընթացքում աշխարհը տեսել է բազմաթիվ զարհուրելի երևույթներ։ Դրանք շատ հաճախ պատճառ են հանդիսացել մարզական գլխավոր իրադարձության՝ Օլիմպիական խաղերի չեղարկման, կամ էլ սահմանափակումներով անցկացման, բայց ոչ հետաձգման։ Տոկիո-2020-ի հետաձգումը լավ առիթ է խորասուզվելու պատմության խորքերը ու հասկանալու, թե ինչ պատճառով են խաղերը չեղարկվել, բոյկոտվել կամ էլ անցկացման վտանգի եզրին եղել։
1916 թվականին Բեռլինում կայանալիք Օլիմպիական խաղերը չկայացան։ Պատճառը Առաջին Համաշխարհային պատերազմն էր։ Գերմանիան այդ պատերազմի գլխավոր կողմերից մեկն էր, իսկ նրա տարածքը՝ թատերաբեմերից մեկը։ Դեռևս 1914 թվականին սկսված պատերազմը նախկինում երբեք չգրանցված կորուստներ էր արձանագրելու մարդկության պատմության մեջ։ Ակնհայտ է, որ այս պարագայում Օլիմպիական խաղերի անցկացումն անհնար էր։
Չորս տարի անց՝ 1920-ի Օլիմպիական խաղերը կայացան, բայց սկանդալներով։ Բանն այն է, որ Անտվերպենում կայացած խաղերում մասնակցության իրավունքից զրկվել էին Առաջին համաշխարհայինում պարտված երկրները։ Խոսքը Քառյակ միության երկրների՝ Գերմանիայի, Ավստրիայի, Հունգարիայի ու Թուրքիայի մասին է։ Առհասարակ Օլիմպիական խաղերը ստեղծման օրվանից մի շատ կարևոր լոզունգ են որդեգրել, ու դա պահելը բոլորիս առաքելությունն է։ Սա, ասես, չգրված օրենք լինի, որը պահել պարտավոր ենք բոլորս։ Օլիմպիական խաղերը պետք է զուրկ լինի ցանկացած քաղաքական հարցից, բայց, ինչպես տեսնում ենք, 1920-ին դա այդքան էլ այդպես չէր։
Գանք մարդկության պատմության ամենազարհուրելի արհավիրքներից ևս մեկի՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակաշրջան։ Այս անգամ չեղարկվեցին ու չկայացան 1940-ի Տոկիոյի, իսկ հետո 1944 թվականի Լոնդոնի խաղերը։ Իմիջիայլոց, հետաքրքրական է, որ 1940 թվականի Տոկիոյի չկայացած Օլիմպիական խաղերից ուղիղ 80 տարի անց Տոկիոյում կայանալիք մեկ այլ խաղեր հետաձգվում են այս անգամ մարդկությանը մեծ վտանգի մեջ գցած կորոնավիրուսի պատճառով։
1940-ի Օլիմպիական խաղերը ևս հետաձգվել են մեկ տարով։ Այդ ժամանակ փոխվեց նաև անցկացման վայրը։ Ընտրվեց Ֆինլանդիան՝ Հելսինկին։ Սակայն 1941-ին ռազմական գործողություններն ընդգրկում էին գրեթե ողջ Եվրոպան, այնպես որ խաղերի անցկացումը պարզապես բացառված էր։
Երկրորդ Համաշխարհայինի ավարտից հետո եղավ այն, ինչ Առաջինի դեպքում էր։ 1948 և 1952 թվականների Օլիմպիական խաղերին մասնակցությունից զրկվեցին աշխարհամարտում պարտություն կրած երկրներից Ճապոնիան և Գերմանիան։
Օլիմպիական խաղերը մշտապես եղել են նաև քաղաքական բոյկոտ արտահայտելու հարթակ։ Այստեղ լսարանն ահռելի մեծ է։ Շատ երկրներ իրենց քաղաքական հարցերը փորձել են բարձրացնել՝ բոյկոտելով մարզական աշխարհի գլխավոր իրադարձությունը։ Այսպես, առաջին բոյկոտը արձանագրվեց 1956 թվականի Մելբուրնի Օլիմպիական խաղերում։ Յոթ երկիր բոյկոտեց խաղերը։ Եգիպտոսը, Լիբանանն ու Իրաքը բոյկոտեցին խաղերը Սուեզյան ճգնաժամի պատճառով։ Նիդերլանդները, Իսպանիան և Շվեյցարիան բոյկոտեցին խաղերը ԽՍՀՄ-ի՝ Հունգարիայում ռազմական գործողությունների պատճառով։ Չինաստանն էլ բոյկոտեց խաղերը, քանի որ մասնակցելու էր Թայվանը։ Այս երկու երկրների միջև կային տարաձայնություններ, քանի որ Թայվանը անկախություն էր ուզում Չինաստանից։
1976 թվականի Օլիմպիական խաղերը աչքի ընկան մասսայական բոյկոտով։ Այս անգամ սա կապված էր Հարավային Աֆրիկայի ռեգբիի հավաքականին խաղերին մասնակցությունից զրկելուն, ինչը արվել էր Նոր Զելանդիայի հավաքականին խաղալու հնարավորություն տալու համար։ Տանզանիան բոյկոտեց Կանադայի Մոնրեալ քաղաքում կայանալիք Օլիմպիական խաղերը։ Նրան միացավ աֆրիկյան ևս 21 երկիր։
Ինչպես արդեն հասկացանք, բազմաթիվ են դեպքերը, երբ Օլիմպիական խաղերը տուժում են այս կամ այն քաղաքական հարցի պատճառով։ Հիմա գանք ոչ վաղ անցյալ։ Վստահ եմ՝ մարզասերներից շատերի հիշողության մեջ թարմ են 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերը։ Օգոստոսի 8-ին, երբ ընթանում էր Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, Հարավային Կովկասում սկսվեց ռուս-վրացական պատերազմը։ Օլիմպիական խաղերի՝ վերը նշված չգրված օրենքներից մեկն էլ այն է, որ մեկնարկի օրը ամբողջ աշխարհում պետք է խաղաղություն տիրի։ Բայց արի ու տես 2008-ին դա տեղի չունեցավ։ Ռուս-վրացական պատերազմը առաջացրեց ՄՕԿ-ի զայրույթը։ Բազմաթիվ մարզիկներ դատապարտեցին կողմերին Օլիմպիական խաղերի մեկնարկը այս կերպ նշանավորելու համար։
Դե ինչ, գանք մեր իրականություն։ Տոկիո-2020-ը հետաձգվեց մեկ տարով։ Սա փաստ է։ ԲԱՅՑ։ Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ կա հավանականություն, որ խաղերը կսկսվեն սպասվածից շուտ՝ 2021-ի գարնանը։ Իրադարձությունների նման ընթացքը ՄՕԿ-ը քննարկում է Ճապոնիայի Կառավարության հետ։
Ու ինչպես ասել է Թոմաս Բախը երեկ․
«Այս խաղերը տարբերվելու են բոլորից։ Այն արձանագրելու է մարդկության հաղթանակը կորոնավիրուսի նկատմամբ»։
Արամ Սահակյան