Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների առօրյա կյանքն այս օրերին ևս սահմանափակվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Թեմայի վերաբերյալ ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է Ղազախական «Աստանայում» հանդես եկող Տիգրան Բարսեղյանի հետ:
«Արդեն մի քանի օր է՝ բնակվում եմ հյուրանոցում: Պայմանները շատ լավն են, ոչնչի կարիք չունեմ: Իրավիճակը, ընդհանուր առմամբ, նորմալ է: Կարողանում ենք դուրս գալ հյուրանոցից, զբոսնել կամ գնալ խանութ: Ղազախստանում խուճապային իրադրություն չկա, մարդիկ հանգիստ են մոտենում ստեղծված իրավիճակին և պահպանում են անվտանգության բոլոր նորմերը: Մարզումներն անցկացնում ենք մարզասրահում, անընդհատ կապի մեջ ենք ակումբի և մարզիչների հետ:
Շատ եմ ափսոսում, որ Ղազախստանի հավաքականի հետ հանդիպումը չկայացավ: Շատ էի սպասում այդ խաղին: Ղազախստանում ևս հետաքրքրությունը շատ մեծ էր: Մյուս կողմից, հասկանում եմ, որ ամբողջ աշխարհում է նույն իրավիճակը, իսկ մարդկանց առողջությունն ամենակարևորն է: Հույս ունեմ, որ Հայաստանի և Ղազախստանի հավաքականները դեռ մրցելու առիթ կունենան»,-ասել է Բարսեղյանը: