Շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը անդրադարձել է Եկատերինբուրգում ընթացող հավակնորդների մրցաշարի դադարեցմանը։ Մրցաշարը դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով։
«Մրցաշարի դադարեցումը կարող է հանգեցնել շախմատիստների և ֆեդերացիաների միջև տարաձայնությունների, թե ում մարզիկն էր ավելի մոտ հաղթանակին»,-այս մասին РБК-ի հետ զրույցում ասել է Կարպովը։
Հինգշաբթի Եկատերինբուրգում ընթացող մրցաշարը դադարեցվել է Ռուսաստանի Կառավարության համապատասխան որոշումից հետո՝ մարտի 27-ից կփակվի այլ երկրների հետ օդային հաղորդակցությունը։ Մրցաշարի հաղթողը Աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցելու էր նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ։
Կարպովի խոսքով՝ կայացված որոշումը կարող է հանգեցնել ներքին սկանդալի Շախմատի միջազգային ֆեդերացիայում (ՖԻԴԵ)։
«Երբ դադարեցվում են սպորտային միջոցառումները, դա ամեն դեպքում լավ չէ։ Դժվար հետևանքներ են առաջ գալիս ֆեդերացիայի ներսում։ Այսպիսի իրավիճակում այլ ֆեդերացիաների ներկայացուցիչները կարող են դժգոհել, որ իրենց մասնակիցը չի հաղթել, քանի որ մրցաշարն ընմիջվել է հօգուտ մրցակցի», — ասել է Կարպովը։
Նա նաև նշել է, որ մրցաշարի կազմակերպիչները նվազագույնի էին հասցրել մասնակիցների վարակվելու հավանականությունը․ «Մասնակիցներն անգամ առանձին միջանցքներով էին քայլում։ Մրցաշարի դահլիճում 8 մասնակից ու 2 մրցավար կային։ Կոնտակտները հասցված էին նվազագույնի։ Եվ ընդհանրապես, շախմատը մյուս սպորտաձևերի նկատմամբ ունի հսկայական տարբերություն»,-ավելացրել է Կարպովը։
Մինչ մրցաշարի դադարեցումը շախմատիստները 7 տուր էին անցկացրել։ Առաջատարները ռուս Յան Նեպոմնյաշչին էր և ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը։ Նրանք 4,5-ական միավոր ունեին։ Անիշ Գիրին՝ Նիդերլանդներից և ռուս Ալեքսանդր Գրիշչուկը, ինչպես նաև չինացի Վան Հաոն ու ամերիկացի Ֆաբիանո Կարուանան իրենց ակտիվում 3,5-ական միավոր ունեին։ Ռուս Կիրիլ Ալեքսեենկոն և չինացի Դին Լիրենը ունեին 2,5-ական միավոր։