Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարը շարունակում է մնալ բոլորի ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ մի խոշոր մրցաշար այս օրերին չի անցկացվում:
6 տուրից հետո 4.5 միավորով միանձնյա առաջատարը ռուս Յան Նեպոմնյաշչին է: 2-րդ տեղում գտնվող Լագրավն ունի 3.5 միավոր: 3-ական միավոր ունի 4 շախմատիստ: Հետնապահները երկուսն են. Դիրենն ու Ալեքսեենկոն ունեն 2-ական միավոր:
Այսօր մրցաշարում հանգստյան օր է: Ի դեպ, ռուս Ալեքսանդր Գրիշչուկը ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում դժգոհել էր, որ մրցաշարը դեռ շարունակվում է: Գրիշչուկը հայտնել էր, որ նա այլևս ցանկություն չունի խաղալու այսպիսի իրավիճակում, և լավագույն լուծումը մրցաշարի դադարեցումն է: