Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում շարունակվում է շախմատի հավակնորդների մրցաշարը: Մրցաշարում արդեն կայացել է 6 տուր ու կա միանձնյա առաջատար՝ ի դեմս Յան Նեպոմնյաշչիի:
6-րդ տուրում ռուս Յան Նեպոմնյաշչին երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց, այս անգամ՝ Դին Լիրենի նկատմամբ: Ի դեպ, Լիրենը մրցաշարում կրում է երրորդ պարտությունը: Նեպոմնյաշչին ունի արդեն 4.5 միավոր, իսկ Լիրենը 2 միավորով Ալեքսեենկոյի հետ հետնապահն է: Ոչ-ոքիներ գրանցվեցին Գրիշչուկ-Կարուանա և Հաո-Լագրավ պարտիաներում: Լագրավն ունի 3.5 միավոր, Գրիշչուկը, Կարուանան ու Հաոն ունեն 3-ական միավոր: Գերհետաքրքիր պայքարում անցավ Ալեքսեենկո-Գիրի պարտիան: Վերջնախաում Գիրին ուներ զինվորի առավելություն ու կարողացավ իրացնել. Նիդերլանդները ներկայացնող շախմատիստը հաղթեց ու այժմ ունի 3 միավոր:
Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարի հաղթողը աշխարհի չեմպիոնի կոչումը կվիճարկի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: