«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ու իր կինը՝ Աննան, միացել են կորոնավիրուսի դեմ պայքարի We Kick Corona արշավին, որը թողարկել են մյունխենյան ակումբի ֆուտբոլիստներ Ջոշուա Կիմիխն ու Լեոն Գորեցկան:
Bild-ը հայտնում է, որ զույգը 1 մլն եվրո է փոխանցել ֆոնդին.
«Մենք բոլորս գիտենք ստեղծված ծանր իրավիճակի մասին: Այսօր մենք բոլորս խաղում ենք մեկ թիմում: Եկեք ուժեղ լինենք այս պայքարում: Եթե մենք կարող ենք որևէ բանով օգնել, ապա եկեք անենք դա: Այս իրավիճակը վշտացնում է յուրաքանչյուրիս, խնդրում ենք կատարել բժիշկների հրահանգներն ու լինել գիտակից:
Հավատում ենք որ շուտով մենք բոլորս կվերադառնանք մեր սովորական կյանքին: Բոլորս միասին կհաղթահարենք այս փորձությունը»,- ասել են Ռոբերտ և Աննա Լևանդովսկիները:
Կիմիխն ու Գորեցկան օրերս հայտարարեցին կորոնավիրուսի դեմ պայքարի արշավ սկսելու մասին: Երկու ֆուտբոլիստն էլ իրենց ֆոնդին 500-հազարական եվրո փոխանցեցին: Նրանց արդեն իսկ միացել է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Լերոյ Սանեն, որը ևս 500 հազար եվրո է նվիրաբերել: