Բռնցքամարտի Հայաստանի օլիմպիական հավաքականն արդեն Լոնդոն-Մոսկվա-Երևան չվերթով ժամանել է Հայաստան: Այս մասին ArmSport-ը տեղեկացավ բռնցքամարտի Հայաստանի ազգային ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից:
«Երեկ լուսադեմին թիմը ժամանել է Հայաստան: Ամեն ինչ նորմալ է: Բոլորն իրենց տներում են, առողջ են»,- մեզ հետ զրույցում նշեցին ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման պատճառով ՄՕԿ-ը որոշեց ընդհատել Լոնդոնում ընթացող վարկանիշային մրցաշարը: Այն վերսկսվելուն պես կշարունակվի մրցումային 3-րդ օրվա արդյունքերով:
Այս պահին հայ բռնցքամարտիկներից օլիմպիական ուղեգիր ունի միայն 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը:
52 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում հայ մարզիկը մրցել էր Իսրայելը ներկայացնող մեր հայրենակից Դավիթ Ալավերդյանի հետ և հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ։
Կորյունը դուրս էր եկել 1/4 եզրափակիչ և ապահովել օլիմպիական ուղեգիրը։ Այս քաշային կարգում օլիմպիական ուղեգիր են նվաճում 1/4 եզրափակիչ դուրս եկած բոլոր բռնցքամարտիկները։