«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատրաստ է մնալ ակումբում միայն բրազիլացի հարձակվող Նեյմարի վերադարձի դեպքում, որը հիմա հանդես է գալիս ՊՍԺ-ում: Այս մասին հայտնում է EL Confidencial-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, արգենտինացին երջանիկ չէ կատալոնական ակումբում: Նրան չեն գոհացնում թիմի մարզական հաջողությունները, ինչպես նաև Էռնեստո Վալվերդեի պաշտոնանկությունը, որի հետ նա ընկերական հարաբերություններ ուներ:
Միակ բանը, որ կարող է մոտիվացնել Մեսսիին մնալ ակումբում, Նեյմարի վերադարձն է, որի հետ նա խաղացել է 2013-ից 2017 թվականներին:
Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականի ամռանը «Բարսելոնայից» 222 մլն եվրոյի դիմաց: Անցած ամառ բրազիլացին կատալոնական ակումբ վերադառնալու փորձեր կատարեց, սակայն ակումբներն այդպես էլ չկարողացան համաձայնության գալ գործարքի ֆինանսական պայմանների շուրջ: