4 անհայտ անձ թալանել են «Տոտենհեմի» պաշտպան Յան Վերտոնգենի տունը, հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «ՌԲ Լայպցիգ»-«Տոտենհեմ» (3-0) խաղի ժամանակ: Այդ պահին ֆուտբոլիստի տանը եղել են նրա կինն ու երկու երեխաները: Հանցագործները նրանց սպառնացել են դանակով ու մաչետեով, մինչ տանը թանկարժեք իրեր ու գումար են փնտրել: Նշվում է՝ ֆուտբոլիստի ընտանիքը չի տուժել: Այս պահին ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում ու հարցաքննում է վկաներին:
Ընթացիկ մրցաշրջանում Վերտոնգենն անգլիական Պրեմիեր-լիգայի 19 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: «Տոտենհեմը» 41 միավոր է վաստակել 29 խաղում ու ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականն է զբաղեցնում: