«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարությամբ է հանդես եկել Անգլիայի Պրեմիեր լիգայի դադարեցումից հետո։ ԱՊԼ-ն մինչև ապրիլի 3-ը դադարեցվել է կորոնավիրուսի կանխարգելման նպատակով։
«Չեմ կարծում, որ հիմա այն պահն է, երբ ֆուտբոլային մարզչի կարծիքը կարևոր է։ Բայց հասկանում եմ, որ մեր երկրպագուները ցանկանում են լսել թիմին, այդ պատճառով ես կարտահայտվեմ։
Առաջին հերթին մենք պետք է անենք հնարավոր ամեն բան միմյանց պաշտպանելու համար։ Ես խոսում եմ հասարակության համատեքստում։ Այդպես պետք է լինի միշտ, բայց հիմա դա կարևոր է առավել քան երբևէ։
Ես արդեն ասել եմ, որ ֆուտբոլը թվում է ամենակարևոր բանն է։ Բայց հիմա ֆուտբոլն ու ֆուտբոլային խաղերը ընդհանրապես կարևոր չեն։
Իհարկե, մենք չենք ուզում խաղալ դատարկ տրիբունաների առջև։ Չենք ուզում, որ խաղերն ու մրցաշարերը դադարեցվեն, բայց եթե դա կօգնի մեկ մարդու մնալ առողջ, միայն մեկ մարդու, մենք կանենք դա։
Եթե խոսքը ֆուտբոլի և հասարակության լավի միջև ընտրություն կատարելու մասին է, ապա այստեղ ևս չկան հարցեր։ Այսօրվա որոշումը մեծ հաշվով կապահովի մարդկանց անվտանգությունը։ Մենք ամբողջությամբ աջակցում ենք որոշումը։
Մենք տեսել ենք, թե ինչպես են ակումբի անդամները վարակվում։ Այս վիրուսը ցույց է տալիս, որ ֆուտբոլը իմունիտետ չի տալիս։ Մեր մտքերն ու աղոթքներն այն մարդկանց հետ են մեր մրցակից թիմերից, որոնք տուժում են այս ամենից։
Ոչ ոք չգիտի, թե ինչ է մեզ սպասվում արդյունքում։ Որպես թիմ՝ մենք պետք է հավատանք, որ իշխանությունները կայացնում են որոշումներ առողջ մտքով։
Ներկա պահին, երբ այսքան մարդիկ մեր քաղաքից, շրջանից, երկրից ու ամբողջ աշխարհից առերեսվում են խուճապի ու անվստահության հետ, անարդար կլիներ խոսել մի բանի մասին, բացի այն, որ մարդիկ պետք է հոգ տանեն միմյանց նկատմամբ և հետևեն փորձագետների խորհուրդներին։
ՄԵր ուղերձը երկրպագուներին վերաբերում է միայն ձեր բարեկեցությանը։ Առողջությունը դրե՛ք առաջին տեղում։ Ռիսկի մի՛ դիմեք։ Մտածե՛ք հասարակության մասին։
Խնդրում եմ, հո՛գ տարեք միմյանց նկատմամբ»,-Կլոպի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։