Անգլիական Պրեմիեր-լիգայի 30-րդ տուրի` «Բրայթոն էնդ Հոուվ Ալբիոնի» և «Արսենալի» միջև խաղը հետաձգվել է: Այս մասին հայտնում է «Բրայթոնի» պաշտոնական կայքը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան վարակվել է կորոնավիրուսով.
«Միկել Արտետայի և «Արսենալի» ամբողջ թիմի հետ կապված վերջին նորություններից հետո մենք կարող ենք հաստատել, որ շաբաթ օրվա խաղն «Արսենալի» դեմ հետաձգվել է»,- ասվում է «Բրայթոնի» տարածած հաղորդագրության մեջ:
📝 Saturday's @premierleague match against @Arsenal has been postponed following the news that broke earlier this evening concerning Gunners head coach Mikel Arteta.#BHAFC 🔵⚪️
— Brighton & Hove Albion ⚽️ (@OfficialBHAFC) March 12, 2020
Ակումբի գործադիր տնօրեն Պոլ Բարբերը մեկնաբանել է իրավիճակը.
«Առաջին հերթին, մենք աջակցում ենք Միկել Արտետային և նրան շուտափույթ ապաքինում ենք մաղթում: Անհրաժեշտ է, որ մարդկանց առողջությունը լինի առաջին տեղում: Մենք սա հաշվի ենք առել ու հետաձգել ենք շաբաթ օրվա խաղը: Ներողություն ենք խնդրում բոլոր երկրպագուներից, բայց հավատում ենք, որ բոլորը կհասկանան, թե ինչպիսի անկանխատեսելի իրավիճակի ենք մենք բախվել»,- ասել է Բարբերը:
Դեռևս հայտնի չէ, թե «Բրայթոն»-«Արսենալ» հանդիպումը երբ կկայանա: