Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը վաղը կանցկացնի իր 11-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում:
28-ամյա հայ բռնցքամարտիկը, որը վերջերս է պայմանագիր կնքել ամերիկյան Salita պրոմոութերական ընկերության հետ , ԱՄՆ Հինքլեյ քաղաքում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմենամարտի դոմինիկացի Դագուվերտո Ագուերոյի հետ:
Վերջինս անցկացրած 15 մենամարտում նույնքան հաղթանակ
է տարել: Հայ բռնցքամարտիկը 10 մենամարտից հաղթել է 9-ում, իսկ 1-ն ավարտել ոչ-ոքի արդյունքով:
Արդեն կայացել է բռնցքամարտիկների հայացքների մենամարտն ու կշռման արարողությունը:
Հինքլեյ քաղաքում կայանալիք բռնցքամարտի շոուն կմեկնարկի մարտի 14-ին, Երևանի ժամանակով 06:00-ին: Շոուն կմեկնարկի Ավագյան-Ագուերո մենամարտով: Ի դեպ, կորոնավիրուսի պատճառով բռնցքամարտի երեկոն կանցկացվի առանց հանդիսականների:
Հիշեցնենք, որ նոր պայմանագրով շատ հնարավոր է՝ 3 մենամարտ հաղթելու դեպքում Ավագյանը հնարավորություն ունենա պայքարել աշխարհի գոտու համար: