«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրում «Շիրակի» նկատմամբ տարած հաղթանակից հետո ակնարկել է, որ հաղթանակներից ու հաջողություններից հետո իրենք երբեք չեն կտրվում իրականությունից․
«Հավասարազոր թիմերի հանդիպում էր, քանի որ խաղի որոշակի հատվածում մի քիչ «Շիրակն» առավելություն ուներ, իսկ երկրորդ կեսը մենք ավելի լավ սկսեցինք, պարզապես մենք մեր պահը կարողացանք օգտագործել։
Մենք դեռ մեր խաղը չենք խաղում․ դրվագներով ստացվում է, դրվագներով՝ ոչ։ Պետք է աշխատենք։ Շատ լավ է, որ հաղթել ենք, բնավորություն ենք ցույց տվել, բայց մենք երբեք չենք բարձրանում վերև, քանի որ գիտենք, որ աշխատելու դեռ շատ տեղ ունենք»,- ասել է Վարդան Մինասյանն ու կարծիք հայտնել առանձին ֆուտբոլիստների խաղի մասին․
«Հովհաննես Հարությունյանը հավաքների ժամանակ ավելի լավ տեսք ուներ, այսօր իր շարժումներում ավելի ծանրություն էր նկատվում, ուղղակի նրան էինք ընտրել, ոչ թե Գոռ Մալաքյանին՝ հաշվի առնելով հակառակորդին։
Հատկապես խաղավարտին ճնշումը շատ մեծ էր մեզ վրա, բայց կարծում եմ՝ Բակուրենկո-Մենեզես զույգը լավ խաղաց պաշտպանությունում»,- ասել է Վարդան Մինասյանը։
Հիշեցնենք՝ «Շիրակի» նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ «Արարատ-Արմենիան» բարձրացել է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։