«Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրում «Արարատ-Արմենիայից» կրած պարտությունից հետո պատասխանել է լրագրողների հարցերին․
«Շնորհավորում եմ «Արարատ-Արմենիային» հաղթանակի առթիվ։ Կարծում եմ՝ բավականին դիտարժան, լարված հանդիպում ստացվեց։ Երկու թիմն էլ ուներ գոլային պահեր, ու հենց այդ զգացողությունը կար, որ ով առաջինը կարողանար իր գոլային պահերից մեկն օգտագործել, նա էլ հաղթելու է։ Ցավոք, թե ՛ գոլից առաջ, թե՛ գոլից հետո, մենք կարող էինք նախ հաշվի մեջ առաջ անցնել, հետո էլ հավասարեցնել հաշիվը։
«Արարատ-Արմենիան» օգտագործեց իր պահերից մեկն ու նվազագույն հաշվով հաղթանակ տարավ»։
Վարդան Բիչախչյանը նշել է նաև, որ երկու թիմերն էլ հավասարազոր պայքար ցույց տվեցին դաշտում․
«Չեմ կարծում, թե այսօր մեր ու «Արարատ-Արմենիայի» միջև այնքան տարբերություն կա, որ «Արարատ-Արմենիային» փորձենք ուժեղ մրցակից համարենք, իսկ մեզ՝ թույլ, կարգով ավելի ցածր։ Հավասարազոր թիմեր էին, պայքարն էլ դա ցույց տվեց, ընդամենը հենց գոլի պահին մենք կարող էինք տակտիկական ֆոլով կանգնեցնել մրցակցի գրոհն ու թույլ չտայինք զարգացնելու, ցավոք պաշտշանն ուրիշ շարունակություն ընտրեց, իսկ «Արարատ-Արմենիան» կարողացավ պահն օգտագործել։ Այս պահին, հնարավոր է, մի քիչ էմոցիոնալ եմ, չեմ կարողանում ռեալ գնահատեմ, բայց ամեն դեպքում, ինչ հիշում եմ, խաղի ընթացքում չկար մի պահ, երբ մենք չհասցնեինք, չկարողանայինք, կամ խնդիրներ ունենայինք։
Նորմալ վերլուծել էինք մրցակցի խաղը, գիտեինք ուժեղ կողմերը, ու եթե կարողացանք գոլային պահեր ստեղծել, նաև գիտեինք մրցակցի թույլ կողմերը։ Ամեն դեպքում հավասար թիմեր էին, պայքարում են չեմպիոնության համար, «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ խաղալով, իհարկե, հաղթանակ էր ակնկալում, մենք էլ էինք եկել հաղթանակի համար, քանի որ ցանկացած այլ արդյունք մեզ չի բավարարում»։
Բիչախչյանը չի ցանկացել մեկնաբանել մրցավարական գործողությունները ու նաև կարծիք է հայտնել գյումրեցիների կիսապաշտպան Դավիթ Մանոյանի ցուցադրած խաղի մասին․
«Մրցավարին թողնենք։ Կան պահեր, որ կարող ենք չհամաձայնել, բայց մրցավարին թողնենք։
Մանոյանն ավելացնելու տեղ ունի։ Մարզավիճակը տոկոսային հարաբերությամբ չգնահատենք, բայց եթե նա այսօր մեկնարկային կազմում խաղաժամանակ է ստացել, ուրեմն այս պահին բավարարում է։ Նախորդ խաղի համեմատ բացակայում էր Էդգար Մալաքյանը, որը վնասվածք ուներ, ու այսօր նրա տեղն էլ երևաց, քանի որ հարձակման գծում նրա որակով գործողությունների պակասը զգում էինք։ Մանոյանն այսօր ենթահարձակվողի դիրքում էր դաշտ դուրս եկել, աշխատանքը բավարարեց, բայց խաղի կազմակերպման մասով իրենից ավելին ենք սպասում»։
Հիշեցնենք՝ «Շիրակի» նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ «Արարատ-Արմենիան» բարձրացել է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։