2020 թվականի փետրվարի 22-ին և 23-ին Ապարանում տեղի է ունեցել տարածաշրջանում առաջին Ձնամարտի Չեմպիոնների Լիգան, որը կազակերպել էին Հայաստանի Ձնամարտի ֆեդերացիան՝ Ֆինլանդիայի և Ռուսաստանի Ձնամարտի ֆեդերացիաների հետ համատեղ։
Միջոցառման հիմնական նպատակը պաշտոնապես այս ձմեռային մարազձևը Հայաստան բերելն էր։ Չեմպիոնների Լիգան անցկացվել է հանրության համար բաց ձևաչափով, և ավելի քան 1000 հանդիսական վայելել են ձմեռային խաղերն այդ երկու օրերի ընթացքում։ Ձնամարտի Չեմպիոնների Լիգային մասնակցել են 8 թիմ Հայաստանից և արտերկրից։

Ձնամարտի Ֆինլանդիայի ֆեդերացիայի հիմնադիր Արի Պոյլոն ողջունել է բոլոր թիմերին, մաղթել բոլորին արդար մրցակցություն՝ այս իրադարձությունը համարելով խոստումնալից սկիզբ՝ ապագայում ավելի մեծ և ընդարձակ ծրագրեր իրականացնելու համար։
Խաղերի գլխավոր մրցավարներն էին Արի Պոյլոն և Լեո Կորհոնեն Ֆինլանդիայից, Ձնամարտի Ռուսաստանի ֆեդերացիայի համահիմնադիր Նատալիա Սմիրնովան և Հայաստանի ֆեդերացիայի համահիմնադիր Տիգրան Պետրոսյանը։ Նրանց աջակցել են կողային մրցավարները Հայաստանից։

Մասնակիցները եկել էին Երևանից, Ապարանից, Ենոքավանից, Մուրմանսկից, Արխանգելսկից և Քեմեյարվիից։ Ողջ առաջին օրվա ընթացքում բոլոր թիմերը խաղացել են միմյանց դեմ։ Ամենաբարձր միավորներ հավաքած չորս թիմերը անցել են կիսաեզրափակիչ։ Դրանք էին՝ «UParan» թիմը Ապարանից, «Yell Extreme Park» թիմը Ենոքավանից, «UNO» թիմը Մուրմանսկից և «Vityazi» թիմը Արխանգելսկից։ Ռուսական երկու թիմերը՝ «UNO» և «Vityazi», անցել են եզրափակիչ և արդյունքում «Vityazi»-ի թիմը դարձել է Ձնամարտի Չեմպիոնների Լիգա 2020-ի հաղթող։ Երկրորդ տեղում հայտնվեել է «UNO» թիմը Մուրմանսկից, իսկ երրորդ տեղում՝ «UParan» թիմը Ապարանից։

Փակման արարողության ժամանակ ֆեդերացիայի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը նշել է, որ Ձնամարտի Չեմպիոնների Լիգա 2021-ը կունենա է՛լ ավելի մեծ մասշտաբներ, և մենք կհյուրընկալենք է՛լ ավելի շատ միջազգային հյուրեր։



