Էրկուտ Սոգուտը՝ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի գործակալը, պատմել է, որ իր հաճախորդը մտադիր չէ մինչև պայմանագրի ավարտը հեռանալ մայրաքաղաքային ակումբից:
Օզիլի գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի ամռանը: Ավելի վաղ բազմիցս հաղորդվում էր, որ Օզիլը մոտ ժամանակներս կարող է հեռանալ «Արսենալից»: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են MLS-ի ակումբներ ու թուրքական թիմեր.
«Օզիլն «Արսենալի» հետ պայմանագրով դեռ 15 ամիս ունի: Մինչ այդ նա չի հեռանա «Արսենալից»: Նա պայմանագիրն ավարտին կհասցնի: Շանս չկա, որ նա ժամանակից շուտ կհեռանա ակումբից:
Երբ Օզիլի պայմանագիրն «Արսենալի» հետ ավարտվի, նա 32 տարեկան կլինի: Սա բոլորովին էլ վատ իրավիճակ չէ: Այդ տարիքում նա առաջվա պես կկարողանա խաղալ ամենաբարձր մակարդակում:
Կուսումնասիրենք բոլոր տարբերակները, պետք է լավագույն պայմանագրին հասնել Մեսութի համար: Հնարավոր է՝ նա մնա «Արսենալում» ու նոր պայմանագիր կնքի: Գուցե, նա իրեն լավ դրսևորի այս և հաջորդ մրցաշրջաններում, ինչից հետո լոնդոնցիները նրան պայմանագիր առաջարկեն: Նա կդիտարկի «Արսենալի» առաջարկը, եթե այդպիսին լինի»,- Սոգուտի խոսքերն է փոխանցում Evening Standard-ը: