Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արման Թորոսյանը Սանկտ Պետերբուրգում կմենամարտի ռուս բռնցքամարտիկ Հուսեյն Բեյսանգուրովի հետ:
Մենամարտը կկայանա փետրվարի 28-ին`«Նոկաուտների թագավորները 2» բռնցքամարտի շոուի շրջանակներում:
«Ես ժամանել եմ Ռուսաստանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը: Սկզբնապես ծրագրել էինք մարտ անցկացնել Անգլիայում, բայց չհաջողվեց պայմանագիր կնքել, բարեբախտաբար: Ես ուրախ եմ, որ Ռուսաստանից հրավեր ստացա, այս տարբերակը ավելի լավն է: Այստեղ մենք կարող ենք ցույց տալ գեղեցիկ բռնցքամարտ: Ես պատրաստվել եմ մենամարտին և գոհ եմ ամեն ինչից», — մեջբերում է Թորոսյանին «РИА Новости. Спорт»-ը:
Թորոսյանը նաև ասաց, որ ինքը ֆինանսական խնդիրներ չունի, և Ռուսաստան է եկել ոչ թե փողի, այլ լավ բռնցքամարտի համար:
36-ամյա Արման Թորոսյանի ակտիվում 19 հաղթանակ է (16-ը՝ նոկաուտով), 7 պարտություն, մեկ հանդիպում նա ավարտել է ոչ-ոքի:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ռուսաստանցի ծագումով հայ բռնցքամարտիկ Պետրոս Անանյանը Լաս Վեգասում պարտության մատնեց Պուերտո Ռիկայի ներկայացուցիչ Սուբրիել Մաթիասին: