Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում միմյանց հետ մրցեցին «Նապոլին» ու «Բարսելոնան»:
Առաջին խաղակեսում ավելի վտանգավոր էին իտալական թիմի հակագրոհները: Գատուզոյի թիմը հրաշալի էր կազմակերպել պաշտպանությունը ու հնարավորության դեպքում անցնում էր կայծակնային հակագրոհների: 30-րդ րոպեին Ֆիրպոն կորցրեց գնդակը, այն խլեց Զելինսկին ու փոխանցեց Մերտենսին, վերջինս էլ գեղեղիկ հարվածով բացեց հաշիվը՝ 1:0: Երկրորդ խաղակեսը կատալոնական ակումբը ակտիվ սկսեց ու 57-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը: Բուսկետսը մեկ փոխանցումով կտրեց «Նապոլիի» ամբողջ պաշտպանությունը. Սեմեդուն հասցեագրեց գնդակը Գրիզմանին ու հաշիվը հավասար է՝ 1:1: 63-րդ րոպեին Տեր Շտեգենի դիմաց միայնակ հայտնվեց Կալյեխոնը, սակայն գերմանացին փրկեց իր թիմին:
Մնացած ժամանակահատվածում թիմերը փոխանակվեցին վտանգավոր գրոհներով, բայց միայն այդքանը: 88-րդ րոպեին Վիդալը զգուշացվեց դեղին քարտով: 1 րոպե անց Վիդալը ևս մեկ անգամ խախտեց կանոններն ու զգուշացվելով երկրորդ անգամ՝ հեռացվեց խաղադաշտից:
Խաղն ավարտվեց 1-1 հաշվով, ինչը պատասխան խաղից առաջ որոշակի առավելություն է տալիս իսպանական գրանդին:
Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 18-ին: