«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ամփոփել է անգլիական Պրեմիեր-լիգայի 27-րդ տուրի` «Վեսթ Հեմի» հետ խաղը (3:2).
«Ինձ դուր եկավ, թե մենք ինչպես սկսեցինք խաղը: Լավ գոլ խփեցինք: Սակայն մենք պետք է բարելավենք խաղը գնդակ խլելու տեսանկյունից: Այդ առումով խնդիրներ ենք ունենում, ինչը ձեռնտու էր «Վեսթ Հեմին»: Դարպասից կատարված հարվածներից հետո նրանք խլում էին գնդակն ու մեզ համար դժվարություններ ստեղծում:Ստանդարտները մեզ վերադարձրին խաղի մեջ, օգնեցին վերադարձնել տեմպը:
Շատ առումներով կարող էինք ավելի լավ խաղալ, բայց, որպեսզի հայտնվենք այս մակարդակում, չի կարելի ամբողջ ժամանակ փայլուն խաղալ: Ես գոհ եմ այն վերաբերմունքից, որ մենք ցույց տվեցինք:Ռոբերտսոնի ու Ալեքսանդր-Առնոլդի երկար փոխանցումները իդեալական չէին, բայց այդուհանդերձ մենք հիանալի պահեր ունեցանք, այնպես որ ամեն ինչ կարգին է:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը մեզ շատ օգնեց հասկանալ, որ մենք կարող ենք կանգ չառնել: Այն ժամանակ ես ասում էի, որ դա վատագույն եզրափակիչն է, որին ես մասնակցել եմ, բայց մենք հաղթեցինք: Այդ մրցաշրջանում մենք սովորեցինք ճիշտ բաներ անել: Դա վաղուց էր: Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ:
Կարծում էի` «Մանչեսթեր Սիթիի» ռեկորդը երբեք չի գերազանցվի, կամ էլ գոնե չի կրկնվի: Բայց մենք արեցինք դա, և ես չեմ կարողանում հավատալ, որ սա տեղի ունեցավ: Դուք տեսնում եք, թե «Սիթին» ինչպես է խաղում, և սա այն թիմն է, որը կարող է հաղթել իր բոլոր հաջորդ խաղերում: Մենք պետք է շարունակենք հաղթել»,- Կլոպի խոսքերն է փոխանցում BBC-ն:
«Լիվերպուլը» հաղթել է ԱՊԼ-ի 18 խաղում անընդմեջ ու կրկնել «Մանչեսթեր Սիթիի» ռեկորդը, որը 2017 թվականի օգոստոսից դեկտեմբեր ամսիներին հաղթել է ԱՊԼ-ի 18 խաղում անընդմեջ:
«Լիվերպուլը» 79 միավոր է վաստակել ու ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականն է զբաղեցնում:
Հաջորդ տուրում «կարմիրները» հյուրընկալվելիս կմրցեն «Ուոթֆորդի» հետ, որը նախավերջին տեղն է զբաղեցնում: Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 29-ին Ուոթֆորդի «Վիկարեյջ Ռոուդ» մարզադաշտում: Խաղի սկիզբը 21:30-ին է: