«Սոչիի» ֆրանսիացի պաշտպան Ադիլ Ռամին պատմել է, թե ինչպես է ընտրել ռուսական ակումբը տրանսֆերային պատուհանի վերջին օրը.
«Ռուսաստանից ևս մեկ տարբերակ ունեի, բայց գործակալս ասաց. «Լսիր, «Սոչին» նոր թիմ է: Այնտեղ բոլորովին այլ մենթալիտետ է, և քեզ այնտեղ շատ դուր կգա: Հիանալի կլինի, եթե դու հայտնվես այնտեղ: Հավատա ինձ` դու այնտեղ կկարողանաս խաղալ, դու երջանիկ կլինես»: Իսկ ինձ համար դա ամենակարևորն է: Ես խաղում եմ, որպեսզի հաճույք ստանամ:
Ինչպե՞ս կայացավ իմ տեղափոխությունը. ես տանն էի, խոսում էի Ռուսաստանից գործակալի հետ: Նրան ասացի, որ ինձ համար միևնույն է, թե ինչ է եղել նախկինում, որ իմ կիրքը ֆուտբոլն է, և ես ցանկանում եմ խաղալ: Եվ նա ասաց. «Լավ, տարբերակ կա Ռուսաստանից: Բայց նրանց մոտ տրանսֆերային պատուհանը փակվում է վաղը: Ի՞նչ կանես: Կմնա՞ս «Ֆեներբահչեում», թե՞ հիմա կհեռանաս»:
Ինձ սիրում էին բոլոր թիմակիցներս, աշխատակիցներն ու երկրպագուները: Բայց ես ցանկանում էի խաղալ, ու գործակալիս ասացի, որ կմեկնեմ: Նա ինձ ասաց, որ ինձ հետ միայն մեկ պայուսակ վերցնեմ, անձնագիր ու գնամ հյուպատոսություն` վիզայի հարցով: Ասացի`«Խնդիր չկա»: Ներքուստ զգում էի, որ սա ճակատագիր է: Ես վստահեցի իմ գործակալին, ինձ ու միանգամից գնացի հյուպատոսարան, դրանից հետո` օդանավակայան, ու մեկնեցի Մոսկվա»,- ասել է Ռամին Սոչին ներկայացնող ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում: