Բասկետբոլիստ Կոբի Բրայանտի այրին`Վանեսան, դատական հայց է ներկայացրել «Island Express Helicopters» ընկերության դեմ. սա այն ընկերությունն է, որը կառավարում էր «Սիկորսկի S-76B» ուղղաթիռը, ինչի վթարի հետևանքով էլ հունվարի 26-ին զոհվել են Կոբի Բրայանտն ու նրա դուստր Ջիանան:
Վանեսայի դատական հայցում վստահեցվում է, որ օդաչու Արա Զոբայանը, որը ևս մահացել է վթարի հետևանքով, «ուղղաթիռը վարելիս զգուշություն չի ցուցաբերել» և «անփություն է դրսևորել»:
TMZ-ի տեղեկությունը, դատական հայցում չի նշվում վնասի համար պահանջվող փոխհատուցման գումարը:
«Island Express ուղղաթիռների կողմից պարտականությունների և անփութության խախտումը հանգեցնում է սույն փաստաթղթում նշված վնասվածքների և վնասների: Կոբի Բրայանտը մահացել է Արա Զոբայանի անփութության պատճառով, ինչի համար Island Express ընկերությունը պատասխանատվություն է կրում»,- նշված է դատական հայցում:
Փաստաթղթում նշվում է, որ ընկերությունը թույլ է տվել ուղղաթիռին թռչել, որը հարմարեցված չի եղել անբարենպաստ եղանակային պայմաններում օգտագործելու համար` ծանր մառախուղ և տեսանելիության պակաս:
Բրայանտը, որը կարիերան ավարտել է 2016 թվականին, NBA-ում 20 մրցաշրջան շարունակ հանդես է եկել «Լոս-Անջելես Լեյքերսի» կազմում, 5 անգամ դարձել է NBA-ի չեմպիոն, 18 անգամ մասնակցել է Բոլոր Աստղերի խաղին, ճանաչվել է կանոնավոր առաջնության ամենաարժեքավոր խաղացող (MVP), երկու անգամ էլ` փլեյ-օֆֆի եզրափակիչ սերիայի ամենաարժեքավոր խաղացող:
ԱՄՆ-ի հավաքականի կազմում Բրայանտը հաղթել է 2008-ի և 2012-ի Օլիմպիական խաղերում: