Ֆրանսիական ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին մեկնաբանել է ակումբի կազմում իր 200-րդ գոլը, որը հեղինակել է երկրի առաջնության 26-րդ տուրի` «Բորդոյի» հետ խաղում (4:3).
«Սա պարզապես գոլ է, այն մեզ համար տիտղոս չի ապահովել: Բայց, պահն, իհարկե, առանձնահատուկ է: Սա անցյալը հիշելու լավ առիթ է: Մարզումներ, ուրախության ու հիասթափության օրեր: Ինչպես արդեն ասացի, մինչև վերջին օրը կներդնեմ բոլոր ուժերս ՊՍԺ-ի համար»,- Կավանիի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը:
Ուրուգվայցին ՊՍԺ է տեղափոխվել իտալական «Նապոլիից» 2013 թվականին` 64 մլն եվրոյի դիմաց: Ֆրանսիական թիմի կազմում Կավանին 5 անգամ դարձել է երկրի չեմպիոն, 4 անգամ` Ֆրանսիայի գավաթակիր, 5 անգամ էլ հաղթել է լիգայի Գավաթի եզրափակչում:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում 33-ամյա Կավանին 13 հանդիպման է մասնակցել ու դարձել է 4 գոլի հեղինակ:
Հիշեցնենք` Կավանին ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն է: