Իտալական Ա Սերիայի 25-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս մրցել է «Ֆիորենտինայի» հետ ու ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտել հանդիպումը:
Խաղի հաշիվը բացվել է միայն երկրորդ կեսի մեկնարկում. 56-րդ րոպեին «Միլանի» խորվաթ հարձակվող Անտե Ռեբիչը գրավել է տանտերերի դարպասն ու առաջ մղել իր թիմին: 6 րոպե անց «Ֆիորենտինան» մնացել է 10 հոգով. բրազիլացի պաշտպան Էնրիկե Դալբերտը կոպիտ խախտման համար ուղիղ կարմի քարտ է ստացել ու հեռացվել դաշտից, սակայն տանտերերին սա ամենևին չի խանգարել պարտությունից խուսափելու համար: Հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ տանտերերը 11-մետրանոցի իրավունք են ստացել, որն անվրեպ է իրացրել չիլիացի պաշտպան Էրիկ Պուլգարը՝ 1:1:
Ի դեպ, 52-րդ րոպեից «Միլանի» դարպասը պաշտպանել է բոսնիացի դարպասապահ Ասմիր Բեգովիչը, որը նորամուտն է նշել իտալական թիմում: Միլանցիների դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վնասվածքի պատճառով ի վիճակի չի եղել շարունակել հանդիպումը:
Այս հանդիպումից հետո «Միլանն» իր միավորների թիվը հասցրել է 36-ի ու բարձրացել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը՝ միավորներով հավասարվելով 6-րդ տեղում գտնվող «Նապոլիի» հետ: Իսկ «Ֆիորենտինան» 29 միավորով 13-րդ տեղում է: