ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին չի կարողացել թաքցնել իր զայրույթն այն բանից հետո, երբ թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն իրեն պահեստայինների նստարանին է թողել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղում: Այս մասին հայտնում է A Bola-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, Իկարդին զայրացած մի քանի աթոռ է խփել գետնին, իսկ Փարիզ վերադառնալու ճանապարհին հազիվ մի երկու բառ է փոխանակել թիմակիցների հետ:
Իկարդին ՊՍԺ է տեղափոխվել ամռանը Միլանի «Ինտերից»՝ վարձակալության հիմունքներով: Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա արգենտինացին Ֆրանսիայի առաջնության 18 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը: