«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ է դարձել Ա Սերիայի 25-րդ տուրի՝ ՍՊԱԼ-ի հետ խաղում ու օգնել թուրինցիներին 2:1 հաշվով հաղթանակ տանել հյուրընկալվելիս: Այս մեկ գոլով պորտուգալացին մի քանի հետաքրքիր ցուցանիշ է գրանցել:
35-ամյա ֆուտբոլիստն Իտալիայի առաջնության 11 խաղում անընդմեջ դառնում է գոլի հեղինակ: Պորտուգալացին դարձել է Ա Սերիայի պատմության 3-րդ ֆուտբոլիստը, որն այս ցուցանիշին է հասել: Ավելի վաղ նման բան հաջողվել է «Ֆիորենտինայի» նախկին հարձակվող Գաբրիել Բատիստուտային 1994/95 մրցաշրջանում և «Սամպդորիայի» հարձակվող Ֆաբիո Կվալյարելային 2018/19 մրցաշրջանում:
Ռոնալդուն 11-խաղյա գոլային շարք կարողացել է գրանցել նաև երկու այլ մրցաշարերում՝ Լա Լիգայում և Չեմպիոնների լիգայում՝ «Ռեալի» կազմում:
Եվս մեկ հետաքրքիր ցուցանիշ. ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 21 խաղում 35-ամյա հարձակվողը խփել է իր 21-րդ գոլը: Պորտուգալացին նաև վերջին 11 խաղում 16 գոլ է խփել:
Այս պահին Ռոնալդուն, խփած 21 գոլով, Ա Սերիայի ռմբարկուների ցանկի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում ու «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմմոբիլեին զիջում է 5 գոլով:
Նշենք նաև՝ Ռոնալդուի համար սա 42-րդ գոլն էր Իտալիայի առաջնություններում: Այս ցուցանիշով պորտուգալացին հավասարվել է «Միլանի» ու «Ֆիորենտինայի» նախկին կիսապաշտպան Ռուի Կոշտայի հետ ու կրկնել Ա Սերիայում պորտուգալացիների կողմից խփած գոլերի քանակով ռեկորդը: Այս ցուցանիշին հասնելու համար Կոշտայից 339 խաղ է պահանջվել, իսկ Ռոնալդուից՝ 52: