Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին և ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեին, տեղեկացնում է Reuters-ը:
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ մեղադրանքները կապված են ֆուտբոլի աշխարհի մի քանի առաջնությունների եւ Կոնֆեդերացիաների գավաթների հեռարձակման իրավունքների բաշխման հետ:
Հունվարին Mediapart հրատարակությունը եւ լրագրողական հետաքննությունների Եվրոպական կոնսորցիումը (EIC) հրապարակել էին նամակագրություն, որը, լրագրողների պնդմամբ, վարում էին Վալկեն եւ Ալ Խելաիֆին: Դատելով նամակագրությունից՝ beIN Media Group-ի ղեկավար Նասեր Ալ-Խելաիֆը անօրինական ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Վալկեին։
Նշվում է, որ Վալկեն խնդրել է ՊՍԺ-ի նախագահին վճարել Սարդինիայում գտնվող իր առանձնատան կառուցման համար: Բացի այդ, Ալ-Խելաիֆին պաշտոնյային 34 մետրանոց զբոսանավ է նվիրել, որը Վալկեն անվանել է իր կնոջ անունով:
Հրապարակված նամակագրությունից հայտնի է դառնում, որ ֆրանսիացին շնորհակալություն է հայտնել`խոստանալով Աշխարհի 2022 թվականի առաջնությունը անցկացնել Քաթարում:
Այսպիսով, ՊՍԺ-ի նախագահը 2012-ին կաշառել է ՈՒԵՖԱ-ի մի շարք ղեկավարների և շահել Աշխարհի առաջնությունը Քաթարում անցկացնելու իրավունքը:
Հիշեցնենք, որ Քաթարն այն ժամանակ հաղթեց ընտրություններում՝ գերազանցելով ԱՄՆ-ի հայտը:
Հավելենք, որ Վալկեն ՖԻՖԱ-ում աշխատել է 2003-2016 թվականներին: 2016-ին ՖԻՖԱ-ի արտակարգ կոմիտեն հեռացրել էր նրան` մեղադրելով 2014 թվականի Աշխարհի առաջնության տոմսերի անօրինական վաճառքի մեջ: