«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին չի կարողացել իր ակտիվում գոլ գրանցել իսպանական Պրիմերայի 24-րդ տուրի՝ «Խետաֆեի» հետ խաղում (2:1):
Մեսսիի համար սա Իսպանիայի առաջնության 4-րդ անընդմեջ խաղն է, որում ինքը գոլ չի խփում: Նման բան արգենտինացու հետ վերջին 6 տարվա մեջ առաջին անգամ է տեղի ունենում: 2013/14 մրցաշրջանում հարձակվողի մոտ առանց գոլերի շարք էր, որը շարունակվեց 8 խաղ (2013 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև 2014 թվականի փետրվարի 1-ը):
Չնայած վերջին խաղերում արդյունավետության հետ կապված խնդիրներին՝ Մեսսին գլխավորում է Պրիմերայի ռմբարկուների ցանկը: Կապտանռնագույնների առաջատարի ակտիվում 14 գնդակ կա: Լիոնելն առաջինն է նաև գոլային փոխանցումների ցուցանիշով (12):
Իսպանիայի առաջնության հաջորդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի «Էյբարին»: Հանդիպումը կկայանա փետրվարի 22-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին: