«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է համալրել «Յուվենտուսի» շարքերը, հայտնում է La Gazzetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Սկիրան:
Աղբյուրի փոխանցմամբ, «Յուվենտուսը» սկսել է աշխատել ֆրանսիացուն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վերադարձնելու ուղղությամբ: Մադրիդի «Ռեալն» ու ՊՍԺ-ը նույնպես հետաքրքրված են Պոգբայի ծառայություններով, բայց անձամբ ֆուտբոլիստը նախընտրում է վերադառնալ Իտալիայի առաջնություն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ կլինի 140 մլն եվրոյի դիմաց բաց թողնել Պոգբային:
Պոլ Պոգբան 2016 թվականին է «Յուվենտուսից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» 105 մլն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի ֆուտբոլիստն անգլիական Պրեմիեր-լիգայի 7 խաղի է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ: «Մանչեսթեր Յունայթեդը» 35 միավոր է վաստակել 25 խաղում ու Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականն է զբաղեցնում: