«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բացատրել է, թե ինչու է ֆուտբոլիստների համար նորմալ երբեմն խաղալ ցավով։
Ավելի վաղ թիմի պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը հայտարարել էր, որ ձմեռային ընդմիջման ժամանակ բուժել է ոտքի խրոնիկ բնույթի վնասվածքը, ինչի մասին էլ հարց է տրվել Կլոպին։
«Ես ինքս ֆուտբոլիստ եմ եղել։ Երբ վերլուծում եմ իմ անցյալը, ինձ թվում է, որ ես կարիերայիս 80 տոկոսը խաղացել եմ ցավով։ Բայց ոչ ոք դա չէր գնահատում, քանի որ ես, միևնույն է, վատ էի խաղում։ Դա չէր օգնում, ոչ ոք չէր էլ հարցնում այն ժամանակ։
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի համար նորմալ է խաղալ ցավով երբեմն։ Կա այն, ինչ կա։ Ես դա ասեցի նաև անցած մրցաշրջանում, երբ Հենդոն (Ջորդան Հենդերսոնը/խմբ․) «Բարսելոնայի» դեմ խաղում վնասվածք ստացավ, ու, թվում էր, թե չի կարողանա շարունակել խաղը։ Ընդմիջմանը ես նայեցի նրան, իսկ նա պատասխանեց «Սա ընդամենը ցավ է»։ Այդ խոսքերը մենք շատ հաճախ ենք օգտագործում», –Կլոպի խոսքերն է մեջբերում «մերսիսայդցիների» պաշտոնական կայքը։