Հայաստանի ազգային հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Tert.am-ին տված հարցազրույցում խոսել է հավաքականից հեռանալու պատճառների մասին:
«Ես հրաժարական չեմ տվել Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Հրաժարական կարող է ներկայացնել այն մասնագետը, ով գոնե մեկ մրցափուլ անցել է, դրա համար տրամաբանական չէ խոսել հրաժարականի մասին: Եթե մարզիչն ընդամենը մեկ շաբաթ է եղել ազգային հավաքականի ղեկին, այստեղ հրաժարական չէր կարող լինել, եղել է պարզապես պայմանագրի խզում՝ երկկողմանի համաձայնությամբ»,- ասել է Խաշմանյանը:
Հարցին, թե տեղեկություներ կան, որ Ժոզե Մոուրինիոյի նախկին օգնականն է հրավիրվելու որպես մարզիչ, այդ մասին ինքը տեղեկություն ունի՞, թե ոչ, Աբրահամ Խաշմանյանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ, տեղյակ էլ լինեի, չէի պատասխանի»:
Դիտարկմանը, թե չի՞ կարծում, որ այդ պատճառով է պայմանագիրը դադարեցվել իր հետ, Աբրահամ Խաշմանյանն ասաց. «Ես տեղյակ չեմ, ընդհանրապես»:
Հարցին, թե իր պայմանագիրը դեռևս չէր ավարտվել, այժմ, երբ երկկողմանի դադարեցվել է, ինչպե՞ս է Ֆեդերացիան իրեն վճարել՝ ամբողջ ծավալո՞վ, թե ոչ, Խաշմանյանն ասաց. «Ոչ մի խնդիր չի եղել, դա ներքին խոհանոց է»: